2 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում արդեն ավարտվել է անասնակերի բերքահավաքը: Թեեւ տարին երաշտ է եւ անասնակերը սակավ, սակայն Շորժայում կուտակված անասնակերը բավարար է` անասնագլխաքանակի ձմեռումն ապահովելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը, անասնակերը հիմնականում հավաքվել է գյուղին մերձակա մոտ 500 հեկտար վարելահողերից, որոնք այս տարի հիմնականում մնացել են անմշակ եւ հնձվել որպես անասնակեր: 15 հեկտար տարածքից էլ կորնգան է հնձվել: Մոտավոր հաշվարկներով Շորժայում արդեն կուտակվել է ավելի քան 500 տոննա անասնակեր, որը, ըստ գյուղապետի, միանգամայն բավարար է մոտ 600 գլուխ խոշոր եւ 1000 գլուխ մանր եղջերավոր անասունների համար:
Բերքահավաքի արագ ընթացքին նպաստել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկան:»Ծրագրի շրջանակներում ձեռք բերված անիվավոր երկու տրակտորների, հնձող, հավաքող եւ հակավորող մեխանիզմների շնորհիվ Շորժայի գյուղատնտեսական կոոպարատիվը բնակչությանը մատուցում է շրջակա համայնքներում գործող գներից մոտ 30 տոկոսով էժան ծառայություններ:Նույն ծրագրի շրջանակներում ջրարբիացվել են արոտները, որոնք եւս նպաստել են անասունների մթերատվության բարձրացմանը:Որքան էլ դժվար տարի է սպասվում անասնապահության համար, մեզ կհաջողվի պահպանել ու ավելացնել մեր անասնագլխաքանակը»,-հավաստեց համայնքի ղեկավարը:
ԽոսրովԽլղաթյան