ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 50-ամյա բռնցքամարտիկ Բերնար Հոփկինսը ցանկություն ունի մենամարտելու WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:
«Ես դեռ գործող բռնցքամարտիկ եմ: Լիահույս եմ, որ կկարողանամ պայքարել Աբրահամի դեմ` WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար: Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպության (WBO) նախագահ Պակո Վալկարսելը դեմ չէ նման առաջարկի: Իմ տարիքը թույլ է տալիս, որ մեծ աջակցություն ստանամ մեծահասակների շրջանում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հոփկինսի խոսքերը մեջ է բերում Boxingscene կայքը:
Օրեր առաջ WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Ռոբերտ Շտիգլիցի հետ 4-րդ մենամարտում պահպանեց չեմպիոնի տիտղոսը: Գերմանիայի Հալլե քաղաքում կայացած Գերմանիան ներկայացնող երկու բռնցքամարտիկների մենամարտի առաջին ռաուդներում Աբրահամը բավականին ակտիվ էր, նույնիսկ 4-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց Շտիգլիցին: Իսկ ահա 6-րդ ռաունդում Աբրահամը նոկաուտի ենթարկեց գերմանացի բռնցքամարտիկին: