Կարծիքներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանին զրկեց իր ևս մեկ հաղթաթղթից. ադրբեջանագետ

4 րոպեի ընթերցում

 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանին զրկեց իր ևս մեկ հաղթաթղթից. ադրբեջանագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` փախստականների շահերը ներկայացնող կազմակերպությունների հետ հանդիպումներն ու ակնարկներն ադրբեջանցի փախստականների միակողմանի վերադարձի անհնարինության մասին, Ադրբեջանին զրկեց իր ևս մեկ հաղթաթղթից: Լրագրողների հետ հուլիսի 27-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ադրբեջանագետ, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի ԱյվազյանըԶարմանալի է, բայց քաղաքագետներից քչերը ուշադրություն դարձրեցին Մինսկի խմբի համանախագահների այդ հայտարարությանը, որով նրանք հաստատեցին այն իրողությունը, որ փախստականների վերադարձը պետք է լինի միայն երկկողմանի կամ ընդհանրապես չլինի, ինչը շատ ծանր հարված էր ադրբեջանական իշխանությունների համար.նրանք տարիներ շարունակ բարձրացնում էին իրենց փախստականների միակողմանի վերադարձի հարցը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց նա:

Նա նկատեց, որ ադրբեջանական քարոզչամեքենան սկսել է ստահոդ լուրեր տարածել, թե իբր հայերը սահմանամերձ գոտում սպանել են թուրք երեխաների: «Բոլորովին վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում էր տվել այն մասին, որ ադրբեջանցի 40 զինվոր հայտնվել է շուրջկալի մեջ, և միայն մեկ զինվոր է զոհվել: Շատ լավ ճանաչելով ադրբեջանական իշխանությունների գործելաոճը` կարող եմ առանց կասկածի ասել, որ ոչ թե մեկն է զոհվել, այլ նրանցից միայն մի հոգի է ողջ մնացել: Մենք շուտով տեղեկություններ կստանանք ադրբեջանական զորամասերում ինքնասպանությունների, թունավորումների և այլ դժբախտ պատահարների մասին, որոնցով նրանք կփորձեն կոծկել իրենց զոհերի իրական թիվը»,-շեշտեց բանախոսը:

Ադրբեջանագետի հավաստմամբ` Ադրբեջանում տիրում է բավական ծանր սոցիալական իրավիճակ, արտագաղթի մեծ ալիք է սկսել հատկապես գյուղական համայնքներում և ազգային փոքրամասնությունների շրջանում: «Ադրբեջանի կառավարական վերնախավի ոտքերը հողից պոկվել են. նրանք կարծում են, որ ուկրաինական ճգնաժամը շեղել է Ռուսաստանի ուշադրությունը: Ադրբեջանը նմանվում է վիրավոր գազանի, և եթե երկրի տնտեսական վիճակը, հատկապես նավթի գների անկման պարագայում, գնալով վատթարանա, ապա մենք պետք է պատրաստ լինենք իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին»,-հավելեց Գրիգորի Այվազյանը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: 1994թ. մայիսին Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կնքեցին զինադադար, որը` չնայած խախտումներին, ուժի մեջ է ցայսօր: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Հայաստանը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ձեւաչափ, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում