Իրավաբանը վստահ է, որ սահմանադրական բարեփոխումները դրական արդյունք կտան անձի կարգավիճակի տեսնակյունից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը Հայաստանում տեսանելի է: Նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ` համոզմունք հայտնելով, որ սահմանադրական բարեփոխումները կտան դրական արդյունքներ մարդու կարգավիճակի տեսանկյունից: Նմանատիպ դրական փոփոխություն բերեց նաև 2005 թվականին բարեփոխված Սահմանադրությունը, որով քաղաքացիներին իրավունք տրվեց դիմել Սահմանադրական դատարան: «1995-2005 թվականի Սահմանադրությունում ամրագրված չէր, որ քաղաքացին կարող էր դիմել Սահմանադրական դատարան, 2005-ին այդ իրավունքը տրվեց մարդկանց, ինչը բերեց դրական փոփոխություններ, մարդիկ հասան իրենց իրավունքների պաշտպանությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ավելացրեց բանախոսը:

Ինչ վերաբերում է Սահմանադրության նախնական նախագծում առկա դրույթներին ու հատկապես կառավարման մոդելին, Վաղարշյանը նշեց. «Նախագահական պետությունում առաջանում է միանձնյա իշխանության վտանգ, և այստեղ շտկումներ են անհրաժեշտ: Սահմանադրական լուծումները փորձում են իրականացնել այդ շտկումները: Ինչու եք մտածում, որ անպայման հայ ժողովորդին բնորոշ է նախագահական մոդելն ուժեղ նախագահով, հատկապես, որ Առաջին Հանրապետության պրակտիկայում ունեցել ենք խորհրդարանական կառավարման մոդել: Մենք կարող ենք ավելի ուժեղացնել ժողովրդավարության հենասյուները, մենք, ձևը փոխելուց բացի, պետք է շեշտադրենք բովանդակությունը: Նույն նախագահական իշխանության պայմաններում նախագահը կարող է նորմալ չգործել, խորհրդանականի դեպքում խորհրդարանը կարող է նորմալ չգործել»:

Անդրադառնալով «կայուն մեծամասնության» սկզբունքին` Արթուր Վաղարշյանը փաստեց, որ խորհրդարանական կառավարման ձևի պարագայում, որում չկա կայուն մեծամասնություն, շատ վտանգավոր իրավիճակ կարող է առաջանալ: «Դա է վկայում նաև Առաջին Հանրապետության փորձը: Եթե կայուն մեծամասնություն չլինի, պետությունը դանդաղաշարժ է դառնում, քանի որ արտակարգ իրավիճակներում չի կարողանում արագ լուծումներ տալ: Պետք չէ միանշանակ քննադատել կայուն մեծամասնության սկզբունքը, այլ անրաժեշտ է մտածել ու լուծումներ գտնել: Այս քննարկումների ժամանակ, կարծում եմ, կկարողանան լավ լուծումներ գտնել»,-հավելեց նա: Վաղարշյանը նկատեց նաև, որ այդ սկզբունքը քննադատողներն այն մարդիկ են, ովքեր 90-ականներին ընդունել են օրենքներ, որոնք գերակա ուժ ունեին Սահմանադրության նկատմամբ:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին ևնրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքումսահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին