Հասարակական

Բարեգործները վերակառուցել են Զանգակատան մանկապարտեզը

2 րոպեի ընթերցում

Բարեգործները վերակառուցել են Զանգակատան մանկապարտեզը

ԱՐՏԱՇԱՏ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ Զանգակատուն համայնքում շարունակվում է ամերիկահայ տեր եւ տիկին Թուֆայանների բարեգործությունը: Նրանց միջոցներով հիմնանորոգվել է 1985-86թթ կառուցված մանկապարտեզի 150 ք/մ տարածքով մասնաշենքը, կատարվել ներքին հարդարման, կահավորման աշխատանքներ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Էմին Սահակյանն ասաց, որ վերջերս ամբողջովին նորացվել է նաեւ մանկապարտեզի 1000 ք/մ մակերեսով տանիքը, ինչպես նաեւ երեխաների համար վերազինվել զանազան զվարճալիքներով խաղահրապարակը: Մանկապարտեզում այժմ նախադպրոցական կրթություն է ստանում 30 երեխա:

Տեր եւ տիկին Թուֆայանների միջոցներով 600ք/մ տարածքի վրա ստեղծվել է 200 տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն: Գյուղացիները խնձորը պահեստավորում են մինչեւ գարնան վերջ` այդ ամիսների ընթացքում ներքին շուկայում իրացնելու նպատակով: «Նրանք նաեւ ֆինանսավորում են երկու կարիքավոր ընտանիքների ուսանողների ուսման վարձը եւ լուծում բնակարանի վարձակալության հարցը»,-ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ թեեւ Թուֆայանները նախկինում չեն եղել Զանգակատան բնակիչ, այնտեղ չունեն նաեւ ազգականներ, այնուամենայնիվ, ամեն տարի այցելում են Զանգակատուն:

«Մեզ ձգում է հեռավոր Զանգակատունը, մենք կարոտում ենք նրան հարազատ օջախի նման»,-Թուֆայանների խոսքը փոխանցեց գյուղապետ Սահակյանը:

Զանգակատունը պատրաստվում է այս ամառ կրկին դիմավորել սպասված հյուրերին:

Լիլիթ Մաճկալյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում