Հասարակական

Ժան-Կլոդ Գոդենը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Մարսելի վերջին տարիների ձեռքբերումները

2 րոպեի ընթերցում

Ժան-Կլոդ Գոդենը Տարոն Մարգարյանին է ներկայացրել Մարսելի վերջին տարիների ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելում Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված միջոցառումներին որպես պատվավոր հյուր մասնակցող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմավորելով Երևանի գործընկերոջը՝ Մարսելի քաղաքապետը նախ կարճ շրջայց է կատարել Տարոն Մարգարյանի հետ, որի շրջանակում ներկայացրել է իր ղեկավարած քաղաքի՝ վերջին տարիների զարգացումներն ու ձեռքբերումները:

Կարճ անդրադարձ կատարելով Մարսելի պատմությանն ու տեսարժան վայրերին՝ Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ վերջին տարիներին կառուցված որոշ շինություններ իրենց նպատակային նշանակությամբ հնարավորին ավելի հարմարավետ են դարձրել Մարսելը ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար: Առանձնակի կարևորելով տեղի հայ համայնքի դերակատարումը Մարսելի զարգացման հարցում՝ Ժան-Կլոդ Գոդենը վստահեցրել է, որ մշտապես արդարացված է եղել քաղաքային իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ֆրանսահայերի համար Մարսելը, ըստ էության, հարազատ քաղաք է` հատկապես հաշվի առնելով, որ Արևմտյան Հայաստանից առաջինը հենց այստեղ են գաղթել Եղեռնից մազապուրծ հայերը:

Շնորհակալություն հայտնելով հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող վստահության և մշտական ուշադրության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ շնորհիվ հայ համայնքի ջանքերի՝ երկու երկրների, նաև Երևանի ու Մարսելի միջև առկա բարեկամական ջերմ հարաբերություններն առավել կակտիվանան ու նոր զարգացումներ կարձանագրեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում