Հասարակական

Մարսելում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Մարսելում հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի և Մարսելի 11 և 12-րդ շրջանների ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեի ուղեկցությամբ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն նշել է, որ Մարսելի հայկական ու հայաշատ թաղամասում գտնվող հուշահամալիրն առանձնանում է ոչ միայն որպես ճարտարապետական կառույց, այլև որպես պատմական ուղեցույց առանձնակի խորհուրդ ունի ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ Մարսելի ողջ բնակչության համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին է ներկայացվել նաև հուշահամալիրի հարևանությամբ այս տարի տեղադրված հուշաքարը, որը Մեծ Եղեռնից մազապուրծ հայ մայրերի ու նրանց ժառանգների յուրովի խոնարհումն է` ի հիշատակ 1915թ.-ին զոհված հայ կանանց:

Տեղում Երևանի քաղաքապետը շփվել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր իրենց գոհունակությունն են փոխանցել Տարոն Մարգարյանին՝ Երևանի և Մարսելի վերջին տարիների արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ երկուստեք փոխգործակցությունը շատ կարևոր է մարսելահայության համար: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ երկու քաղաքների փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են ու շարունակելու են ամրապնդվել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում