Սփյուռք

Սփյուռքահայերը հայրենիքում մասնակցում են «Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագրին

4 րոպեի ընթերցում

Սփյուռքահայերը հայրենիքում մասնակցում են «Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասնյոթ երկրներից բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանում են՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց-2015» ծրագրին: ԵՊՀ մշակույթի կենտրոնում հուլիսի 10-ին տեղի ունեցավ ծրագրի պաշտոնական բացումը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ բացի Լիբանանի «Հայկազյան» համալսարանից, սփյուռքում որևէ կենտրոն չկա, որտեղ պատրաստվեն կամ վերապատրաստվեն կադրերը:

«Այդ պատճառով մենք քննարկեցինք և պետական բազայի հիման վրա ստեղծեցինք «Սփյուռք» ամառային դպրոց: Դպրոցը վեց ուղղություն ունի, և մենք ընդլայնում ենք դրանք: Մեզ համար գլխավորը հայոց լեզվի՝ և՛ արևմտահայերենի, և՛արևելահայերենի ուսուցումն է: Շատ ենք կարևորում ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ արդյունքները դրական են, մասնակիցները վերապատրաստվում են, սովորում հայրենիքում: «Հայրենիքը ճանաչելիս ուսուցիչները շատ ավելի հեշտ են իրականացնում իրենց առաքելությունը: Սա փորձի փոխանակման մեծ դպրոց է դառնում, մեկը մյուսից սովորում է»,-հավելեց նախարարը: Նախարարն ընդծեց, որ մոտ 110 հոգի մասնակցում են հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներին:

«Ակնկալում ենք, որ շուրջ 300 մարդ կմասնակցի մեր բոլոր ծրագրերին»,- շեշտեց Հրանուշ Հակոբյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց ծրագրի մասնակիցներին:«Մենք հպարտ ենք, որ «Սփյուռք» ամառային դպրոցն անցկացնելու համար նախարարությունը մեզ է ընտրել որպես գործընկեր: Ուզում եմ հատուկ ողջունել հայոց լեզուն ուսումնասիրող խմբի անդամներին: Հայոց լեզվին տիրապետելը նշանակում է իմանալմեր ինքնության կարևորագույն գործիքներից մեկը : Մենք ձեզ հետ միասին փորձելու ենք բացել հայոց լեզվի գաղտնիքները»,- նշեց Արամ Սիմոնյանը՝ բարի երթ մաղթելով ծրագրի մասնակիցներին:

Դպրոցի ունկնդիրներին իրենց կատարումներով ողջունեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:

Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, մշակութային խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, սփյուռքի ԶԼՄ-երի, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ 2015-ին շարունակում է « «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:

«Սփյուռք» ամառային դպրոցում գործելու ենդասընթացներ վեց ուղղություններով՝ հայոց լեզվի արագացված ուսուցում, կրթօջախների հայոց լեզվի ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում, սփյուռքի լրագրողների դասընթաց, ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ, սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց, սփյուռքում համայնքային գործի կազմակերպիչների դասընթաց: «Սփյուռք» ամառային դպրոցն անցկացվում 2012 թվականից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում