Հասարակական

Բասեն համայնքում լայնորեն կիրառվում է արևային էներգիան

2 րոպեի ընթերցում

Բասեն համայնքում լայնորեն կիրառվում է արևային էներգիան

ԳՅՈՒՄՐԻ« 9 ՀՈՒԼԻՍԻ« ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Բասեն համայնքում լայնորեն կիրառվում է արևային էներգիան: Արդեն երկրորդ տարին է, որ համայնքում որպես այլընտրանքային էներգիա օգտագործվում է արեգակնային ջերմությունը: Այն այսօր էլ կիրառվում է ոչ միայն մի քանի տնտեսություններում, այլ նաև համայնքի մանկապարտեզին կից ջերմոցային տնտեսությունում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Բավական լուրջ արդյունքների ենք հասել: Նախ, կիրառելով մանկապարտեզին կից ջերմոցային տնտեսությունում՝ այն լայն կիրառություն ստացավ նաև բնակչության շրջանում. արդեն 15 ընտանիքներ իրենց տանիքների վրա տեղադել են արևային ջրատաքացուցիչներ: Մենք արդեն ունենք այլընտրանքային էներգիայի նոր աղբյուր՝ ջերմային պոմպ կոչվող, որը չորս անգամ ավել էներգիա է տալիս: Համայնքում ունենք նաև օդատաքացուցիչներ կրկին մանկապարտեզի համար, որոնց շնորհիվ մանկապատեզի համար չրեր ենք պատրաստում. և՛ մատչելի է, և՛ օգտակար: Ընդհանուր առմամբ, այս համակարգը շատ կիրառելի է ու շատ գովելի»,-նշեց համայնքի ղեկավարը՝ ավելացնելով, որ նույնիսկ մոտավոր հաշվարկներով այս համակարգի շնորհիվ էլեկտրաէներգիայի համեմատ ավելի քան 40 տոկոս տնտեսում է գրանցվում, բացի այդ այն ավելի ապահով է:

Ի դեպ, Բասեն համայնքի ղեկավարն անձամբ ինքն իր տան համար տեղադրել է արևային ջրատաքացուցիչ: Խոսելով ընտանեկան բյուջեում այս տաքացուցիչի օգուտի մասին՝ Համլետ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այն մատչելի է: «Մինչև արեգակնային ջրատաքացուցչի տեղադրումը մուծում էինք ամսական 15 հազար դրամից մինչև 20 հազար դրամ գումար, ներկա պահին էներգիայի վարձավճարը չի անցնում 8 հազար դրամը: Այս համակարգի միակ բացասական կողմն այն է, որ սկզբնական պահանջում է բավական մեծ գումար համակարգը տեղադրելու համար, բայց շահագործման ավելի ապահով, ավելի արդյունավետ տարբերակ է, հատկապես Բասենի նման գյուղական համայնքի համար, որը գազաֆիկացված չէ, և հույսը միայն էլեկտրականության վրա է»,-նշեց Համլետ Պետրոսյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում