Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումն ադրբեջանական իշխանությունների համար ցանկալի արդյունք չտվեց
3 րոպեի ընթերցում
![Բաքվում Եվրոպական խաղերի անցկացումն ադրբեջանական իշխանությունների համար ցանկալի արդյունք չտվեց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/07/811442.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի դիտարկմամբ՝ Բաքվում սեփական հեղինակության բարձրացման նպատակով Եվրոպական խաղերի անցկացման վրա ծախսված 8-10 մլրդ ԱՄՆ դոլար գումարն ադրբեջանական իշխանություններին չտվեց ցանկալի արդյունք: «Եվրոպական զանգվածային լրատվամիջոցները քննադատում էին ադրբեջանական իշխանություններին, քանի որ նույնիսկ Եվրոպական խաղերի օրերին նրանք չէին դադարում բռնաճնշումներ իրականացնել իրենց վարչակարգի այլախոհների նկատմամբ, ինչը օլիմպիական ոգուն հարիր չէ»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հայտնեց նա` հավելելով, որ հետևելով սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի գրառումներին` ինքն արձանագրել է, որ նրանք հիմնականում դժգոհ էին Եվրոպական խաղերի անցկացման գաղափարից, քանի որ կարծում են, որ այդ ահռելի գումարները կարող էին ուղղվել երկրում կուտակված բազմաթիվ սոցիալական խնդիրների լուծմանը:
Նա նշեց, որ ադրբեջանական իշխանությունները խտրականություն էին ցուցաբերում նաև արտասահմանյան ԶԼՄ-ների նկատմամբ: «Եվրոպական խաղերի կազմակերպիչները բրիտանական հռչակավոր The Guardian-ին չէին հավատարմագրել խաղերը լուսաբանելու համար այն պատճառով, որ պարբերականը քննադատում էր ադրբեջանական իշխանություններին: Բացի այդ, Ադրբեջանում գտնվող արտասահմանյան ԶԼՄ-ների լրագրողները հայտնում էին, որ իրենց վրա որոշակի ճնշում էր գործադրվում կազմակերպիչների կողմից` Եվրոպական խաղերի կազմակերպչական և այլ խնդիրներ չլուսաբանելու համար, իսկ հակառակ պարագայում սպառնում էին զրկել հավատարմագրումից»,-նկատեց Սարգիս Ասատրյանը:
Համաշխարհային մամուլը շարունակում է քննադատել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևին` սեփական հեղինակության մեծացման նպատակով Բաքվում Եվրոպական խաղերի անցկացման վրա 10 մլրդ դոլար ծախսելու համար՝ այն դեպքում, երբ այն կարող էր օգտագործվել երկրի բնակչության ցածր կենսամակարդակը բարձրացնելու վրա:
Արտասահմանյան ԶԼՄ-ները նշում են, որ Իլհամ Ալիևի Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար խայտառակ PR-աղետ էին: Նրանք մեղադրվում են Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևին երկրում մարդու իրավունքների խախտման, այդ թվում` իրենց քննադատողների ձերբակալության մեջ: