Հասարակական

Մշո Քալե թաղամասում գանձագողերն ավերել են 1600-ամյա հայկական գերեզմանատունը

2 րոպեի ընթերցում

Մշո Քալե թաղամասում գանձագողերն ավերել են 1600-ամյա հայկական գերեզմանատունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշո Քալե թաղամասում գտնվող 1600-ամյա հայկական գերեզմանատունն ավերակի է վերածվել` գանձագողերի և բարձիթողի վիճակի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով «Դիջլե» լրատվական գարծակալությունը:Աղբյուրի փոխանցմամբ` 1915 թվականից առաջ հայերով հոծ բնակեցված Մուշում գտնվել են 299 եկեղեցի, 94 վանք, 53 ուխտավայր և 135 դպրոց, որտեղ ուսանել է 5 հազար 669 սան: Տարոնի և Մուշի հայերի համերաշխության, սոցիալական ու զբոսաշրջության միության նախագահ Հայրեթթին Ասլանը, ուշադրություն հրավիրելով նրա վրա, որ թուրքական պետության գիտակցաբար վարած քաղաքականության միջոցով ցանկանում են սույն շրջանում վերացնել հայկական պատմությունը, ընդգծել է, որ ջնջվում է նաև քաղաքի պատմական հիշողությունը:

Շեշտելով, որ հայկական այբուբենը գրվել է հենց Մուշ քաղաքում` միության նախագահը հայտնեց, որ գանձագողերը մեծ վնաս են հասցնում գերեզմանոցներին: «Եթե ցանկանում ենք խաղաղության, սիրո և հարգանքի մթնոլորտում ապրել, ապա պետք է տեր կանգնենք հայկական պատմությանը»,- ասել է Ասլանը:

Նրա խոսքով` Մուշում կան նաև այլ հայկական հուշարձաններ, որոնք ևս վերանում են: Մի ամբողջ ժողովրդի պատմություն կանգնած է վերանալու վտանգի առաջ: «1915 թ. առաջ 100 հազար բնակչությամբ Մուշ նահանգի լեռնոտ շրջաններում անգամ հայերի կողմից ենթակառուցվածքային համակարգեր են ստեղծվել: Հիմա հայերի եկեղեցիները, վանքերը, դպրոցներն այնքան են ավերվել, որ գրեթե վերացման եզրին են: Հարկավոր է, որ պետությունն ու քաղաքացիական-հասարակական կազմակերպությունները նրբազգաց լինեն այս հարցի նկատմամբ: Անհետանում է հազարամյա պատմություն: Եթե սույն կառույցներն ավերվելու փոխարեն վերանորոգվեն, ապա աշխարհի չորս ծագերից այցելուներ կգան Մուշ, և տնտեսական զարգացման հետ մեկտեղ` կպահպանվի քաղաքի ինքնությունը»,- նկատել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում