ՀՀ Նախագահի հետ բողոքի ակցիայի մասնակիցների հանդիպումը նոր որակ կհաղորդեր պայքարին. Շարմազանով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ափսոսում է, որ Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիայի մասնակիցները չեն ընդառաջել ՀՀ Նախագահի հետ հանդիպելու կոչին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպին, ընդգծեց, ճիշտ կլիներ, որ ակցիայի մասնակիցները կարողանային իրենց մեջից ընտրել 4-5 հոգու և հանդիպեին Նախագահի հետ: «Հանրապետության Նախագահի քայլը լայնախոհության քայլ էր, դիալոգի գնալու պատրաստակամություն էր, և ես ափսոսում եմ, որ մեր քաղաքացիները չգնացին Նախագահի հետ երկխոսության, որը նոր որակ կհաղորդեր այդ պայքարին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովն ակցիայի ընթացքում նաև դրական տարրեր է նկատել: Նրա խոսքով՝ առաջին անգամն է, որ ցույցի ընթացքում ոստիկանությունը և քաղաքացիները միմյանց նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունք են ցուցաբերել: «Ավելին, մենք տեսանք, որ մեր ոստիկաններն ամբողջ ակցիայի ընթացքում հորդորում էին, որ մեր քաղաքացիներն իրենց գործողություններն իրականացնեն օրենքի սահմաններում»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ Շարմազանովն ընդգծեց, որ ոստիկանությունը բավականին պրոֆեսիոնալ է գործել: «Այո, եղել են նաև որոշ անցանկալի դեպքեր, սակայն ես առաջին անգամ եմ տեսնում, որ նման ցույցերի ընթացքում թե քաղաքացիները, թե ոստիկանները միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունք են դրսևորում: Եվ առաջին անգամ եմ տեսնում, որ ոստիկաններն այդ միջոցառումն անցկացրեցին հնարավորինս բարձր մակարդակով»,- ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ողջ ակցիայի ընթացքում ոստիկանները քաղաքացիներին հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները, սակայն քաղաքացիները ընդառաջ չեն գնացել ոստիկանության կոչին: Դիտարկմանը, թե ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել, Շարմազանովն ընդգծեց, որ ոստիկանության գործառույթը հասարակական կարգն ապահովելն է:

Անդրադառնալով լրագրողներին բերման ենթարկելու հանգամանքին՝ Շարմազանովը ցավ հայտնեց, որ բերման են ենթարկվել նաև լրագրողներ: Նա, սակայն, ընդգծեց, որ շատ լրագրողներ կես ժամ գործել են որպես լրագրող, հետո դարձել են ցուցարար, հետո կրկին սկսել են կատարել լրագրողի իրենց պարտականությունները: «Միգուցե նաև այդ անցանկալի իրավիճակը դրանով է պայմանավորված»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ ինքը լրագրողներին չի մեղադրում, ուղղակի փաստն է արձանագրում:

Հասարակական կարգը խախտելու համար հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայից եւ Օպերային հարող տարածքից 237 քաղաքացի տարվել է ոստիկանության տարբեր բաժիններ:ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ խախտված հասարակական կարգի վերականգնման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բաղրամյան պողոտայում անօրինական երթ կազմակերպած քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը տևական բանակցությունների միջոցով առաջարկել է ազատել հավաքի վայրը: Միաժամանակ, հավաքի մասնակիցներին բարձրախոսով մի քանի անգամ հայտարարվել է, որ նրանց պահանջները պատրաստ է լսել Հայաստանի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության կոչերը և խնդրանքները երթի կազմակերպիչների կողմից անտեսվել են:Ոստիկանությունը ջրցան մեքենայի օգնությամբ ցրել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողների հավաքը:

Հայերեն English Русский

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին