Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկերը կտարվի տարբեր եկեղեցիներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Ցեղասպանության նահատակների սրբապատկերը, որն օծվեց ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ, կտարվի տարբեր եկեղեցիներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ Սրբադասման արարողությունից հետո նահատակաց սրբապատկերը հավատացյալ ժողովրդի խոնարհումի և աղոթքի համար զետեղվել էր Մայր Տաճարում:
Առաջիկա ամիս սրբապատկերը կփոխադրվի Մայր Աթոռի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի: Ի տես և ի օրհնություն հավատավոր հայորդիների` օգոստոսին այն կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապա Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներ: