Կարծիքներ

Հայաստանը կայուն գործընկեր է թե ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի համար. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կայուն գործընկեր է թե ՀԱՊԿ-ի, թե ՆԱՏՕ-ի համար. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերն ամենաքիչ կոռումպացվածն է նախկին հետխորհրդային երկրների զինված ուժերի ցանկում եւ սա նախապայման է պաշտպանական բարեփոխումներ իրականացնելու համար: Տեսակետը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանինն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոթ սեմինարի ժամանակ Կիրակոսյանն ասաց, որ տարիների ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցում հենց պաշտպանական կառույցում: «Առաջին հերթին կցանկանայի շեշտել պաշտպանության ոլորտում պրոֆեսիոնալիզմը: Ռազմական կրթության առումով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել: Սա շատ կարեւոր է հատկապես հոգեբանական տեսանկյունից, ինչը ենթադրում է մուտքը խորհրդային կարգերից դեպի նոր դարաշրջան»,- ասաց նա:

Քաղաքագետն առանձնակի կարեւորում է Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը: Այս առումով Հայաստանը կարող է ապացուցել, որ անվտանգություն ստեղծող պետություն է: «Հայաստանը դադարել է լինել անվտանգություն սպառող պետություն: Այժմ Հայաստանն է անվտանգություն ստեղծում: Բայց ես կասեի, որ Հայաստանի փոխակերպումն առաջ է գնացել ոչ միայն անվտանգություն ստեղծողի դերով, այլ որպես կայուն գործընկեր` ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար»,- ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ Հայաստանը փորձում է պաշտպանական համագործակցության ոլորտում պահպանել հավասարակշռություն:

Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի և ՀՀ ԱԺ համագործակցությամբ` հունիսի 18-20-ին անց է կացվում «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տեւական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով Ռոուզ Ռոթ 89-րդ սեմինարը: Սեմինարի առանցքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Հայաստանի համագործակցությունը եվրաատլանտյան համայնքի հետ, միջնորդության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, բարեվարքության հաստատումն իբրեւ ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումների մաս, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գործընկերությունը Հարավային Կովկասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում