Պետք է վերականգնվի Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջեւ կապը. Լորենս Բյուրս
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ շատերն են քննադատում ԵԱՀԿ Մինսկի խմբին, քանի որ բանակցությունների առումով արդյունքներ չկան, սակայն խումբն աշխատում է եւ համանախագահների կողմից կրեատիվության պակաս չի զգացվում: Երեւանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ՌՈՈՒԶ ՌՈԹ սեմինարի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ծրագրի գիտաշխատող Լորենս Բյուրսը` հավելելով, որ նրանք անընդհատ ներկայացնում են տարատեսակ առաջարկություններ, այլ հարց է, թե այդ առաջարկությունները որքանով են ընդունում եւ կիրառում կողմերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Բյուրսն առաջարկում է, որ, բացի նախագահներից եւ արտաքին գործերի նախարարներից, քննարկումներին մասնակցեն նաեւ այլ գործիչներ: «Շատ կարեւոր է, որպեսզի վերականգնվի երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ կապը: Նախարարները հանդիպում են ոչ սեփական նախաձեռնությամբ որեւէ քաղաքում: Սակայն լավ կլինի, որպեսզի նախարարները կարողանան այցելել միմյանց երկրներ եւ քննարկումները կազմակերպեն: Բացի այդ, Մադրիդյան սկզբունքները պետք է համապատասխանեցվեն այսօրվա իրավիճակին»,- ասաց Բյուրսը` հավելելով, որ առանց նոր գաղափարների Մինսկի խումբը կլինի ընդամենը «գործընթաց` հանուն գործընթացի»: Իհարկե, դա կկանխի պատերազմը, սակայն հասարակության օտարացումը կբերի անդառնալի հետեւանքների: