Շոու բիզնես

«Եվրատեսիլ-2015»-ի մասնակից Թամար Կապրելյանի հեղինակած երգի պրեմիերան կկայանա հունիսի 23-ին

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ-2015»-ի մասնակից Թամար Կապրելյանի հեղինակած երգի պրեմիերան կկայանա հունիսի 23-ին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանի հեղինակած երգը շուտով կհնչի «Եվրատեսիլ-2015»-ի մասնակիցների կատարմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «The otherside» (Մյուս կողմը) խորագիրը կրող երգը, որի պրեմիերան կկայանա հունիսի 23–ին, կկատարեն «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, ինչպես նաեւ սիրված մրցույթի` Ալբանիայի, Էստոնիայի եւ Հունաստանի այս տարվա ներկայացուցիչները: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` նմանատիպ համագործակցություններն առաջին հերթին նպաստում են նոր ծանոթություններ, կապեր հաստատելուն կամ եղածն ավելի ամրապնդելուն, ինչը միշտ հետաքրքիր է եւ, որպես կանոն, անսպասելի արդյունքների է հանգեցնում:

«Ես չափազանց ուրախ եմ, որ երաժշտությունը մեզ այնքան ամուր կապեց, որ համագործակցությունը շարունակվում է նաեւ մրցույթից հետո. չէ՞ որ երաժշտությունը մեծ եւ ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները եւ փակում առկա ճեղքերը: Հուզմունքս այնքան մեծ է, որ կարծում եմ կբավականացնի բոլորիս: Անհամբերությամբ կսպասեմ հանդիսատեսի արձագանքին եւ կարծիքին: Հույս ունեմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»,-նշել է նա:

«The otherside» երգը խաղաղության եւ միասնության կոչ է, ինչպես նաեւ յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում