ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ազատությունը, արդարությունը և համերաշխությունը արժևորող Սոցինտերնի գործունեությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սոցինտերնի Գլխավոր քարտուղար Լուիս Այալային, ով Հայաստանում է գտնվում ՀՅԴ-ի կողմից հյուրընկալված Սոցիալիստական ինտերնացիոնալի ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովին մասնակցելու նպատակով: Ժողովի օրակարգային հարցերի թվում են նաև տարածաշրջանում ժողովրդավարության և հակամարտությունների կարգավորման հարցերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ երևանյան ժողովը, որին մասնակցում է պարոն Այալան, հաջող ընթացք է ունեցել: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ողջ աշխարհում սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական գաղափարներ դավանող քաղաքական ուժերին միավորող Սոցինտերնի գործունեությունը, որի հռչակած քաղաքական արժեքներն են՝ ազատությունը, արդարությունը և համերաշխությունը: Նախագահն ընդգծել է, որ այդ արժեքները հայերի համար մշտապես կարևոր են եղել:

Սոցինտերնի Գլխավոր քարտուղարը գոհունակությամբ է խոսել ժողովի շրջանակներում կայացած քննարկումների մասին: Հակիրճ ներկայացնելով սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց Սոցինտերնի գործունեությունը, որը համախմբում է բոլոր մայրցամաքներից 152 անդամ կուսակցությունների և բազմաթիվ կազմակերպությունների, Լուիս Այալան ընդգծել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը Սոցինտերնի անդամ ՀՅԴ-ի միջոցով տարեցտարի ամրապնդվում է: Նա նշել է, որ կառույցն իր համերաշխությունն է հայտնել ՀՅԴ-ին՝ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների իրականացման վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հարցում՝ կարևորելով երկրում բարեփոխումների խորացումը և ժողովրդավարության ամրապնդման օրակարգի առաջմղումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը սպառնացող մարտահրավերները, անդրադարձել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացին, առկա խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևորագույն հարցերում միջազգային տարբեր հարթակներում և կառույցի անդամ կուսակցությունների երկրներում Սոցինտերնի կառուցողական դիրքորոշման համար:

Հայերեն Русский

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն