Հասարակական

Շվեյցարիայի էկումենիկ խորհրուրդը և Քրիստոնեական եկեղեցիների համայնքն անցկացրել են Ցեղասպանության թեմայով համաժողով

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի էկումենիկ խորհրուրդը և Քրիստոնեական եկեղեցիների համայնքն անցկացրել են Ցեղասպանության թեմայով համաժողով

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի էկումենիկ խորհրդի և Քրիստոնեական եկեղեցիների համայնքի նախաձեռնությամբ Լոզան քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 4-ից 7-ը կայացած միջոցառմանը ներկա էին շվեյցարացի խորհրդարանականներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հարյուրավոր շվեյցարացիներ։

Համաժողովի շրջանակներում կազմակերպվել է Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների հետևողական բնաջնջմանը վերաբերող դասախոսությունների շարք և կլոր սեղան՝ շվեյցարացի, ֆրանսիացի, հայ, թուրք և արաբ պատմաբանների մասնակցությամբ, Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմերի ցուցադրություն, ինչպես նաև հայկական «Լույս» վոկալ կվինտետի համերգը։

Համաժողովը եզրափակվել է հունիսի 7-ին՝ Լոզանի մայր տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մեծ էկումենիկ ոգեկոչմամբ: Ելույթներով հանդես են եկել Շվեյցարիայում ՀՀ փոխդեսպանը, Հայ Առաքելական և Ավետարանչական եկեղեցիների, Շվեյցարիայի էկումենիկ խորհրդի և Քրիստոնեական եկեղեցիների համայնքի, Կաթոլիկ և Կալվինիստական եկեղեցիների, Արամեական, Ասորական և Հույն Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում