ՄՈՍԿՎԱ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: REN TV-ն անակնկալ է պատրաստել հայտնի ռոք-երգիչ Վիկտոր Ցոյի միլիոնավոր երկրպագուների համար: Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունից, հունիսի 8-ին Մոսկվայի ժամանակով երեկոյան 23:30-ին կցուցադրվի Ցոյի 1989թ. Վիտեբսկում կայացած համերգը, որի տեսանյութը երկար ժամանակ համարվում էր կորած:
Համերգին կհետեւի երաժշտական մարաթոն, որի նպատակն է գումար հավաքել երաժշտի հոր` Ռոբերտ Ցոյի բուժման համար:
Ռոբերտ Ցոյի մոտ 2015թ. հայտնաբերել են քաղցկեղ: Նրան վիրահատել են Իսրայելում, սակայն անհրաժեշտ է գումար՝ վերականգնողական կուրսերի համար: Ցոյի ընտանիքի մտերիմները հայտնել են, որ երգչի ծնողները գումար չունեն. բուժման նպատակով նրանք անգամ վաճառել են Մոսկվայի իրենց բնակարանը:
Ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյը, ով հիմնադրել է «Կինո» խումբը, մահացել է ավտովթարից 1990թ.: Նույն թվականին Մոսկվայում հայտնվեց Ցոյի պատը, որտեղ առկա են մեջբերումներ Ցոյի երգերից: Պատին կան նաեւ բազմաթիվ շնորհակալական խոսքեր երկրպագուներից: Ցոյը ձայնագրել է 120 երգ եւ երաժշտական ստեղծագործություն: Նրա վերջին ալբոմը թողարկվել է 1990թ. դեկտեմբերին՝ հետմահու: Այն կոչվում էր «Սեւ ալբոմ»: