Կարծիքներ

Թուրքագետը մոտ ժամանակներում Թուրքիայում ակնկալում է քաղաքական ճգնաժամ

3 րոպեի ընթերցում

Թուրքագետը մոտ ժամանակներում Թուրքիայում ակնկալում է քաղաքական ճգնաժամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս Թուրքիայում ակնկալվում է քաղաքական ճգնաժամ: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Եթե Հանրապետական ժողովրդական կուսակցությունը «Ազգայնական շարժում» կուսակցության հետ կոալիցիա կազմի, ապա Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը այդ կոալիցիային չի միանա, ինչի մասին նրանք հայտարարեցին երեկ երեկոյան: Նույնն է ասել «Ազգայնական շարժում» կուսացության առաջնորդ Դևլեթ Բահչելին, որ իրենք նույնպես չեն միանա կոալիցիային: Իր հերթին Էրդողանի կուսակցությունը չի ցանկանում միանալ մյուս երկու կուսակցություններին: Եվ նույնիսկ երեկ երեկոյան թուրքական մամուլում շրջանառվում էին խոսակցություններ վաղաժամկետ ընտրություններ հայտարարելու մասին» - ասաց Հակոբ Չաքրյանը:

Թուրքագետը հավելեց, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 258 պատգամավորական տեղ, ինչը նոր խորհրդարանում չի կազմի մեծամասնություն: Հետևաբար, 550 պատգամավորից կազմված խորհրդարանում իրենք պետք է կազմեն փոքրամասնական կառավարություն՝ այն պայմանով, որ մեկ այլ կուսակցություն աջակցի իրենց, իսկ մյուս երեք կուսակցությունները չեն միանա և, հետևաբար, Էրդողանի կուսակցությունը վստահության քվե չի կարողանա ձեռք բերել:

«Այս ընտրություններում հաղթող կարելի է համարել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, իսկ պարտվող՝ Նախագահ Էրդողանը: Էրդողանը, հանդիսանալով երկրի նախագահ, սահմանադրորեն իրավունք չուներ սատարելու իր նախկին կուսակցությանը, սակայն նա շրջանցելով սահմանադրորեն ամրագրված իր պարտավորությունը՝ անընդհատ միջամտում էր ընտրությունների ընթացքին» - նշեց Հակոբ Չաքրյանը::

Թուրքագետի կարծիքով՝ եթե Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը իր հավաքած 13,11% ձայների փոխարեն հավաքեր 10%-ից ցածր, ապա նրանց հավաքած ձայները մեխանիկորեն կգումարվեին Էրդողանի կուսակցությանը, և արդյունքում Էդողանին կհաջողվեր փոխել Սահմանադրությունը, և իրավունք կստանար Թուրքիան խորհրդարանական տիպից վերածելու նախագահական համակարգի:

Թուրքիայի խորհդարանական ընտրությունների քվեատուփերի 99,98% արդյունքները հրապարակված են: Դրանց համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,85% (258 պատգամավոր), Հանրապետական ժողովրդական կուսակցություն` 24,96 % (132 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը` 16,28% (80 պատգամավոր) և քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը` 13,11 % (80 պատգամավոր):

Ընտրություններին երկրի ներսում մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 86,62%-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում