Տնտեսություն

Կախարդական Հնդկաստանը կարող է դառնալ զբոսաշրջային այլըտրանք հայերի համար

6 րոպեի ընթերցում

Կախարդական Հնդկաստանը կարող է դառնալ զբոսաշրջային այլըտրանք հայերի համար

ՆՅՈՒ ԴԵԼԻ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Տարածված կարծիքը, թե Հնդկաստանում հանգիստը թանկ է ու անհարմարավետ, իրականությանը չի համապատասխանում: Գլխավոր հարցն այն է, որ Հնդկաստան այցելողներն առաջին հերթին պետք է գնահատեն պատմական եւ մշակութային այն արժեքները, որոնք կան այդ երկրում: Իրական Հնդկաստանը մեր տեսած ֆիլմերի Հնդկաստանից այնքան էլ չի տարբերվում: Այստեղ ձեզ կպատմեն անհավանական սիրո, ծայրահեղությունների մասին բազմաթիվ իրական պատմություններ, որոնք հետագայում կհամալրեն Բոլիվուդի ֆիլմերի շարքը: Ֆիլմերի համեմատությամբ միակ տարբերությունն այն է, որ այստեղ ամեն քայլափոխի չեն երգում ու պարում, սակայն հնդկական երգերն անգերազանցելի են: Որեւէ արտասահմանյան հայտնի երգիչ Հնդկաստանում այնքան ճանաչում չունի, որքան հնդկական ֆիլմերի երգերն ու նրանց երգիչները: Նույնը վերաբերում է հագուստին, Հնդկաստանում դուք հազվադեպ կգտնեք մարդկանց, ովքեր նախընտրում են եվրոպական հանգուստ: Հնդկական սարին ամենապահանջվածն է, եւ յուրաքանչյուրը գիտի այն կրելու հմտություններն ու նրբությունները: Այս ամենն արդեն խիստ հետաքրքրական է զբոսաշրջիկների այն խմբի համար, ովքեր, ավանդական ծովից եւ գնումներից զատ, ցանկանում են տեսնել գույներ, ապրել յուրահատուկ զգացողություններ եւ առնչվել հին քաղաքակրթությանը:

Հնդկաստանում հանգիստը կազմակերպելու, այնտեղ քեզ հարմարավետ զգալու պատճառներից մեկն էլ այն է, որ հնդիկները շատ նման են հայերին իրենց մտածելակերպով, ընտանիքի հանդեպ պահպանողական վերաբերմունքով, հատկապես ջերմությամբ ու հյուրասիրությամբ: Միակ տարբերությունը, թերեւս, այն է, որ շատերի մեջ բացակայում է աշխատելու ցանկությունը, ինչը նման ռեսուրսների պայմաններում անթույլատրելի եւ անընդունելի է:

Որ հայերն ու հնդիկերը միմյանց կապող շատ գծեր ե ընդհանուր պատմություն ունեն, Հնդկաստանում քչերը գիտեն: Պատճառներից մեկը, թերեւս, այն է, որ Հնդկաստանի հայ համայնքը նախկինի հզորությունը չունի, եւ շատ քիչ հայեր են այստեղ ապրում: Շատ հնդիկներ Հայաստանը դեռ ասոցացնում են Ռումինիայի հետ, սակայն նրանք, ովքեր գեթ մեկ անգամ եղել են Հայաստանում, հավաստիացնում են` հայերի ու հնդիկների ընդհանրությունները շատ են:

Հասարակություններից դուրս զբոսաշրջությունը նաեւ պետական մակարդակում է կարեւորվում, եւ այս ոլորտը հայ-հնդկական հարաբերությունների օրակարգի կարեւորագույն հարցերի մեկն է:

Հնդկաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արմեն Մարտիրոսյանը շեշտում է, որ քաղաքական, տնտեսական ու կրթական ծրագրերին զուգահեռ Հայաստանը շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել զբոսաշրջությանը: «Հայաստանը շատ է կարեւորում հայ-հնդկական հարաբերությունները եւ առաջիկայում մեր աշխատանքն ուղղվելու է եղած ոլորտներում առավել խոր համագործակցությանն ու նոր ոլորտներում նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը: Դրանցից մեկն էլ զբոսաշրջությունն է, որը կարեւորում են թե՛ հայկական, թե՛ հնդկական կողմերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Մարտիրոսյանը:

Հնդկական «Միստիկ Մանտրաս» զբոսաշրջային գործակալությունը եզակիներից է, որ կազմակերպում է տարատեսակ միջոցառումներ հայ-հնդկական զբոսաշրջությունը զարգացնելու համար: «Մենք շատ ենք կարեւորում հայ-հնդկական հարաբերությունները հատկապես զբոսաշրջության ոլորտում: Մենք ունենք դարավոր պատմություն, համատեղ համագործակցության փորձ: Շատ առումներով հայերը նման են հնդիկներին, եւ մենք ցանկանում ենք, որ հայերն իրենց ապահով եւ երջանիկ զգան Հնդկաստանում»,- ասում է գործակալության տնօրեն Պանկայ Աչարան` հավելելով, որ տարիների ընթացքում հայ զբոսաշրջիկների թիվը Հնդկաստանում մեծանում է:

Այլ քաղաքակրթության նկատմամբ հետաքրքրությունը հայերի մոտ աճում է, եւ Հնդկաստանը տարեցտարի կարող է դառնալ զբոսաշրջային լավագույն այլընտրանք:

Հայաստանի տուրիստական գործակալությունները նույնպես հետաքրքրված են հնդկական զբոսաշրջությամբ: Թեպետ այստեղ քիչ ընկերություններ են դեպի Հնդկաստան այցելություններ կազմակերպում, սակայն եղածները շեշտում են, որ դիմողների թվի աճ է զգացվում:

Դեպի Հնդկաստան զբոսաշրջային այցեր կազմակերպող եզակի գործակալություններից մեկն էլ «Ինֆինիտին» է: Գործակալության տնօրեն Աննա Դավիդյանը նկատում է, որ եթե տարիներ առաջ դեպի Հնդկաստան ուղղության մասին հարցնողներ անգամ չկային, վերջին տարիներին ոչ միայն հետաքրքրվողների թիվն է մեծացել, այլեւ այնտեղ հանգիստ կազմակերպողների:

«Հնդկաստանը լավագույն տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են, բացի ծովում լողալուց, առնչվել դարավոր մշակույթին, այցելել տաճարներ, պալատներ եւ թանգարաններ, առնչվել այլ քաղաքակրթությանն ու բազմազանությանը»,- ասում է Դավիդյանը` հավելելով, որ ներկա դրությամբ միակ լուրջ խնդիրը ուղիղ չվերթների բացակայությունն է: Ազգային փոխադրողի բացակայությունը լուրջ խնդիրներ է առաջացնում հատկապես հեռու երկրներ այցելություններ կազմակերպելու համար: Այս առումով թե հայկական, թե հնդկական զբոսաշրջային գործակալությունները շեշտում են, որ Հայաստանից Հնդկաստան ամենամատչելի չվերթներն իրականացնում է «Էյր Արաբիա»-ն: Ընկերությունից «Արմենպրես»-ին ասացին, որ դեպի Հնդկաստան ուղղությունը շատ կարեւոր է ավիաընկերության համար, եւ առաջիկայում այս առնչությամբ լինելու են նոր հաճելի անակնկալներ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում