ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջոն Լենոնի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ նրա հայրենի քաղաքում՝ Լիվերպուլում, կցուցադրեն Let It Be մյուզիքլը, որն ստեղծվել է նշանավոր քառյակի երգերի հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Annerin Productions փիառ-ընկերության ներկայացուցչին:
Ներկայացումն ամեն երեկո ցուցադրվելու է 2015 թվականի հոկտեմբերի 8-ից մինչեւ նոյեմբերի 14-ը (Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին): Մինչ այդ վերակառուցվելու է քաղաքի խոշորագույն թատրոնը՝ Royal Court Theatre-ը:
Ներկայացման պրեմիերան կայացել է 2012 թվականին: Շոուն ցուցադրվել է չորս մայրցամաքների 50 քաղաքներում: Հանդիսականների ընդհանուր թվաքանակը գերազանցել է մեկ միլիոնը:
Մյուզիքլի սյուժեն կրկնում է լիվերպուլյան քառյակի կայացման պատմությունը՝ Cavern ակումբում առաջին համերգներից մինչեւ Լոնդոնի նշանավոր «համերգը տանիքի վրա»: Շոուի ընթացքում կենդանի կատարմամբ հնչում են խմբի հանրաճանաչ հիթերը:
Beatles խումբը հիմնվել է 1960 թվականին Լիվերպուլում: Այն կազմացրվել է տասը տարի անց: Երաժիշտների քառյակի առաջատարը վոկալիստ, կիթառահար եւ երգերի մեծ մասի հեղինակ Ջոն Լենոնն էր: 1980 թվականին նա Նյու Յորքում սպանվեց ֆանատի կողմից:
Beatles-ը, կամ իչպես նրանց անվանում էին երկրպագուները՝ «բիթլերը», ամենահաջողակ խմբերից մեկն էին պատմության մեջ: 143 պաշտոնական ալբոմներից վեցը դարձել են «ադամանդե» (այսինքն՝ վաճառվել են յուրաքանչյուրն ավելի քան 10 մլն օրինակով):
Let It Be-ն երաժշտական խմբի հիթերից մեկի անվանումն է: Խմբի ստեղծագործության մասին պատմող համանուն ֆիլմն «Օսկար» մրցանակ է ստացել:
Լուսանկարը` AP