Պաշտոնական

«Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ը շարունակելու է աջակցել Հայաստանում առողջապահության զարգացմանը

3 րոպեի ընթերցում

«Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ը շարունակելու է աջակցել Հայաստանում առողջապահության զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 26-ին ընդունել է «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Սատոշի Ցունակավային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ ուրախ է առողջապահության ոլորտում ինովացիոն տեխնոլոգիաների համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի՝ Հայաստանում գործունեություն ծավալելու և հայկական ընկերությունների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ պարոն Ցունակավայի այցը խթան կհանդիսանա փոխգործակցության զարգացման, դրանում նոր ուղղությունների և ծրագրերի ներառման համար: Հանրապետության Նախագահն ընդգծել է, թե հաճույքով է հիշում 2012թ. Ճապոնիա կատարած իր այցը, որի ժամանակ հնարավորություն ունեցավ այցելելու նաև «Տոշիբա» գիտությունների թանգարան, ինչը չափազանց տպավորիչ էր:

Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար կարևորել է Ճապոնիայի և Հայաստանի դեսպանությունների ակտիվ աշխատանքը:

Հանդիպման ժամանակ Նախագահը հյուրին ներկայացրել է Հայաստանում գործարար և ներդրումային բարենպաստ միջավայրը, օտարերկրյա ներդրումների ներգրավման համար մեր երկրում ստեղծված պայմանները, որոնք «Տոշիբա» ընկերության համար ևս կարող են հետաքրքիր լինել:

Սատոշի Ցունակավան գոհունակությամբ է ընդգծել, որ Հայաստանում «Տոշիբա մեդիկալ սիսթեմս»-ի գործունեությունն ընդլայնվում է և ընդգծել է, որ իր ղեկավարած ընկերությունը շարունակելու է աջակցություն տրամադրել Հայաստանում առողջապահության զարգացմանը: Նա նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է մի շարք այլ ուղղություններով ևս, որոնք ընկերության գործունեության մաս են կազմում, ինչպիսիք են, օրինակ, միջուկային էներգետիկան, սեյսմոլոգիան, զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ և փորձի փոխանակում իրականացնել:

ՀՀ Նախագահը և «Տոշիբա մեդիկալ սիսթեմս» ընկերության նախագահը երկուստեք մեծապես կարևորել են առողջապահության ոլորտում արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ որակյալ ծառայությունների մատուցման, այդպիսով՝ մարդկանց առողջության պահպանման և կյանքի մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքն ու համագործակցության զարգացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում