ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը մեկնարկել է: Չորս տասնյակ երկրներ պայքարում են լավագույնի տիտղոսին արժանանալու և մրցույթն իրենց երկիր տանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 21-ին անցկացվող երկրորդ եզրափակչի ընթացքում պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող:
Ի դեպ, հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբն առաջին կիսաեզրափակչի արդյունքներով՝ եզրափակչում է, և պայքարելու է հաղթանակի համար: Հայաստանի հետ եզրափակիչ են անցել Ալբանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Հունաստանը, Էստոնիան, Վրաստանը, Սերբիան, Բելգիան:
«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: