Պաշտոնական

ՀՀ և Լատվիայի նախագահները բարձր են գնահատել միջպետական հարաբերությունների դինամիկան

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Լատվիայի նախագահները բարձր են գնահատել միջպետական հարաբերությունների դինամիկան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռիգայում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Նախագահ Անդրիս Բերզինշի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների նախագահները բարձր են գնահատել փոխըմբռնման ոգով զարգացող հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան և ընդգծել այդ դինամիկան զարգացնելու կարևորությունը: Սերժ Սարգսյանը և Անդրիս Բերզինշը երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հետագա ընթացքին վերաբերող հարցեր:

Հանդիպմանը Լատվիայի Նախագահը նշել է, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի որոշումը, իր գնահատմամբ, պրագմատիկ որոշում էր, իսկ ՀՀ բազմակողմ հավասարակշիռ մոտեցումը ողջունելի է: Ըստ նրա, այսօր ԵՄ-ում դրա արդյունավետությունն ու օգտակարությունն ավելի ու ավելի են ըմբռնում:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է բարեկամ Լատվիայի հետ զարգացնել հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում: Նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդհանուր սկզբունքների հիման վրա բարեփոխումների իրականացման և երկրում ժողովրդավարության խորացման ուղղությամբ:

Նախագահներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում