Շոու բիզնես

«Geneaology»-ն եզրափակիչում ելույթ կունենա երեկոյի առաջին հատվածում

3 րոպեի ընթերցում

«Geneaology»-ն եզրափակիչում ելույթ կունենա երեկոյի առաջին հատվածում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2015»-ի հայաստանյան պատվիրակները վիճակահանությամբ որոշել են, որ «Geneaology» խումբը մայիսի 23-ին կայանալիք եզրափակիչում ելույթ կունենա երեկոյի առաջին հատվածում:Մրցույթի առաջին կիսաեզրափակիչում լավագույն տասնյակի մեջ հայտնվելուց հետո Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է հրավիրված մամուլի ասուլիսին` կիսելով առաջին մրցութային երեկոյից ստացած տպավորությունները:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը ներկայացնող «Geneaology» խմբի մենակատար Վահե Թիլբյանը մյուս մասնակիցների անունից նշել է, որ մեր խումբն Ավստրիայում իրեն հոյակապ է զգում:

Անդրադառնալով խմբի ստեղծման պատմությանը և դրանից հետո տարված աշխատանքներին` Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ թեպետ անցած ուղին դժվարին է եղել, սակայն իրենք կարողացել են հաջողել: «Դժվար էր, քանի որ գործ ունեինք վեց մարդու հետ, ովքեր ունեին տարբեր բնավորություն, մենթալիտետ, աշխարհայացք: Բայց մենք ունենք մեկ «Geneaology», և սա մեզ միավորեց: Գաղտնիքն ընտանիքի մեջ է»,- նշել է Գոհար Գասպարյանը:

«Ոչինչ հեշտ չի տրվում, հատկապես երբ տարբեր մայրցամաքներից տարբեր մարդկանց ենք բերում Հայաստան: Մենք բոլորս մեկ անհանատականություն ենք, սակայն ամենահոյակապն այն էր, որ երբ միասին էինք, տպավորությունն այնպիսին էր, որ երկար տարիներ միասին ենք եղել: Մենք դարձանք ընտանիք, և դա, իրոք, հիասքանչ էր»,- նշել է Հայաստանը ներկայացնող խմբի մենակատարներից Վահե Թիլբյանը:

Ի պատասխան երգի ուղերձի վերաբերյալ Իսրայելից եկած լրագրողի հնչեցրած հարցին` նա ասել է. «Ինչպես բազմիցս ասել ենք տարբեր հարցազրույցներում, մեր ուղերձը երաժշտության միջոցով խաղաղություն և սեր տարածելն է: «Կամուրջներ կառուցելով». սա էր այս տարվա կարգախոսը: Եվ մենք դա արեցինք մեր սփյուռքի միջոցով` կապելով այն մայր երկրի` Հայաստանի հետ»:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Հոբելյանական 60-րդ «Եվրատեսիլ»-ին մասնակցում են 40 երկիր:

«Եվրատեսիլ-2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող, ինչպես նաև այս տարվա նորեկ Ավստրալիան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում