ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթը մեկնարկել է: Չորս տասնյակ երկրներ կպայքարեն լավագույնի տիտղոսին արժանանալու և մրցույթն իրենց երկիր տանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-ին անցկավող կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկու համարի ներքո: Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի Հնարապետություն), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան:
Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան, Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան, Ինգա Արշակյան. հաշված րոպեներ անց հենց նրանք են «Genealogy» խմբի կազմումհանդես գալու ավստրիական բեմում՝ կատարելով «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը: «Genealogy» խմբի անդամներն ավելի վաղ նշել էին, որ հույս ունեն հաղթել մրցույթում, և ուրախ են, որ ներկայացնելու են Հայաստանը:
«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ:
«Եվրատեսիլ 2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող: