Շախմատի մասսայականությունը վկայություն է նրա, որ հայերը մտածող ազգ են. Հրանտ Մելքումյան
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականը իր նվաճումների շարքին օրեր առաջ ավելացրեց ևս մեկը` շախմատի աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակրի տիտղոսը: Հավաքականի կազմում իր նորամուտը տոնեց հայկական շախմատի ամենահեռանկարային շախմատիստներից մեկը` Հրանտ Մելքումյանը: Վերջինս զարմացրեց ոչ միայն շախմատասերներին, այլ նաև առաջացրեց մասնագետների հիացմունքը իր հաջող պարտիաներով և գրանցած արդյունքների շնորհիվ:«Արմենպրես»-ը Մելքումյանի հետ ամփոփեց անցած առաջնությունը, խոսեց ապագայի պլանների մասին:
-Շախմատի աշխարհի առաջնությունն արդեն պատմություն է, և, ամփոփելով այն, ասացեք, խնդրեմ, ինչ տվեց այն Ձեզ:
-Շախմատի աշխարհի թիմային առաջնությունն իմ առաջին մրցաշարն էր հավաքականի կազմում, իսկ բրոնզե մեդալակիրը, բնականաբար, առաջին տիտղոսս: Այդ առումով, իհարկե, շատ ուրախ եմ և հպարտ: Անշուշտ, թիմը շատ ավելի մեծ հաջողությունների է հասել, բայց, ամեն դեպքում, աշխարհի առաջնությունում շահած բրոնզե մեդալը, կարծում եմ, հաջողություն է: Մեկնարկի համար այս բրոնզե մեդալը հաստատուն քայլ էր:
-Աշխարհի առաջնության ժամանակ, ԱՄՆ և Հնդկաստանի հետ խաղերում հենց Ձեր հաղթական պարտիաների շնորհիվ էր, որ մեր թիմը հաղթեց: Պատասխանատվության զգացումը մե՞ծ էր:
-Բնականաբար, երբ արդեն պարզ էր դառնում, որ իմ պարտիայից էր ամեն ինչ կախված, շատ լարված էի, քանի որ հասկանում էի, որ իմ ամեն մի սխալը թիմին կարող է զրկել հաղթանակից: Քանի որ երկու դեպքում էլ դիրքս բարենպաստ էր, և ես էլ գիտեի՝ լավ հնարավորություններ ունեմ հաղթելու, դա կրկնակի մեծացնում էր լարվածությունը: Իսկ երբ պարտիան ավարտվեց, իհարկե, շատ ուրախ էի:

-Շախմատիստների պարագայում մեծ դեր է խաղում հոգեբանական վիճակը: Ինչպե՞ս է քեզ հաջողվում հաղթահարել այդ պահերը:
-Նախ ասեմ, որ շատ և տարբեր ձևեր կան, բայց ոչ միշտ է հաջողվում հաղթահարել լարվածությունը: Ինչ վերաբերում է բուն մրցաշարին, ապա փորձում եմ հանգստանալ: Բայց շատ օգնում է փորձը, կամ մրցաշարի մի քանի տուրից հետո ամեն ինչ հունի մեջ է ընկնում: Իսկ մեծ մրցաշարերից առաջ սիրում եմ սպորտով զբաղվել:
-Ո՞ր մարզաձևով:
-Հիմնականում մեծ թենիս եմ խաղում:
-Հրանտ, նոյեմբերին արդեն Եվրոպայի առաջնությունն է և Դուք էլ հավաքականում եք: Ո՞ն է խնդիրը, որ 1999 թվականից ի վեր օլիմպիադաների եռակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ մի անգամ Եվրոպայի չեմպիոն չի դարձել:
-Եվրոպայի առաջնությունն էլ բավականին ուժեղ է: Մասնակիցների թիվը փոքր է, և հենց առաջին տուրից էլ խաղում ես ուժեղագույնների թիմի հետ: Բնականաբար, աշխարհի առաջնությունում նման գերհզոր թիմեր չկան, բայց մրցակիցներն են ուժեղ… Տղաները միշտ էլ մոտ են եղել Եվրոպայի առաջնությունում հաղթելուն: Ինչ- որ տեղ էլ բախտը չի ժպտացել նրանց:

-Կցանկանայի, որ պատմեք, թե ինչպես եք սկսել շախմատ խաղալ և ով է Ձեզ սովորեցրել իմաստուն խաղը:
-Ինձ շախմատ խաղալ սովորեցրել է Հրանտ պապս: Հինգ տարեկանում քայլերը սովորեցրեց, հետո տեսավ, որ սկսեցի հետաքրքվել: Շատ հաճախ էինք խաղում միասին: Հենց պապիկիս խորհուրդով հայրս և մայրս ինձ տարան շախմատի: Պապիկս հիմա էլ կողքիս է, ուրախանում է իմ հաջողություններով:
-Շախմատը Հայաստանում ավելին է, քան սովորական մարզաձևը: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է դա:
-Կարծում եմ, ամեն բան կապված է շախմատային ավանդույթների հետ: Մենք ունեցել ենք աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյան, Ռաֆայել Վահանյան, ով նույնպես աշխարհում լավագույններից էր: Մեր հավաքականի հաղթանակներ, Արոնյանը՝ այս ամենը միասին խթանում են շախմատի մասսայականությանը: Նաև այն, որ մեր ազգը մտավորական ազգ է: Մեզանում շախմատի մասսայականությունը կապված է այն բանի հետ, որ մենք` հայերս մտածող ազգ ենք:
-Ըստ Ձեզ, շախմատը սպո՞րտ է, արվե՞ստ, թե մի երրորդ բան:
-Երկուսն էլ. նախ սպորտ է, քանի որ մրցում են երկու շախմատիստ, իսկ արվեստ է, քանի որ շախմատիստի կյանքը նման է արվեստագետի կյանքին` երկուսն էլ ստեղծագործում են: Նաև մշակույթ է, քանի որ շատ գեղեցիկ կոմբինացիաներ ունի:
-Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հայտնի էր իր անխոցելի պաշտպանությամբ: Շախմատային ի՞նչ փիլիսոփայության եք հետևում Դուք:
-Պետրոսյանի ոճն իսկապես շատ յուրօրինակ էր, ոչ մեկը չէր կարողանում հասկանալ, և երբ մրցակցիդ չես կարողանում հասկանալ, դժվար է պայքարելը: Ես փորձում եմ բազմաֆունկցիոնալ լինել, բայց ինձ ավելի հոգեհարազատ են շախմատային պարտիայի վերջնախաղերը:
-Շախմատիստների մեծամասնությունը նաև շատ սնահավատ են: Դուք և՞ս:
-Ասեմ, որ իսկապես նման բաները շատ են տարածված շախմատիստների մեջ: Բայց ես այդպիսին չեմ, առհասարակ սնահավատ չեմ և երբեք էլ չեմ եղել: Ինձ համար միևնույն է, թե ես նույն գրիչո՞վ կգրեմ, թե ոչ: Միայն եթե անընդհատ մտածեմ, որ կարող է ազդել խաղիս վրա, այդ դեպքում միայն հնարավոր է:
-Եվ վերջում՝ ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:
-Մի քանի օրից մեկնում եմ Հունգարիա՝ մասնակցելու հերթական բաց մրցաշարին: Դրանից հետո մոտ երկու ամիս կհանգստանամ Ավստրալիայում: Դեռ որոշված չէ սեպտեմբերին կմեկնե՞նք Բաքու աշխարհի գավաթին, թե ոչ: Ամեն ինչ հայտնի կլինի Եվրոպական խաղերից հետո: