Հասարակական

Դերսիմահայերը մկրտվել են. հայկական արմատներին վերադարձի գործընթացը շարունակվում է

3 րոպեի ընթերցում

Դերսիմահայերը մկրտվել են. հայկական արմատներին վերադարձի գործընթացը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերսիմցի 17 հայեր հայկական ինքնությանը վերադառնալու ճանապարհին հերթական քայլն են կատարել՝ մկրտվելով Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանի հայկական առաքելական եկեղեցում և ընդունելով քրիստոնեություն: Մկրտության արարողությունն անձամբ ղեկավարել է Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Դերսիմի հայերի միության հիմնադիր և նախկին նախագահ Միրան Փրկիչը հայտնեց, որ մկրտության արարողությանը զուգահեռ երկու զույգի ամուսնական արարողություն է եղել եկեղեցում: Նա պատմեց, որ դերսիմահայերը նախքան մկրտությունը 6-ամսյա կուրսեր են անցել, որոնք նախապատրաստվել են Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից: «Ինչպես մյուս հարցերում, այս դեպքում ևս առաջադեմ ենք լինելու և շատ արագ դերսիմահայերին ծանոթացնելու ենք սեփական ազգի հետ»,- նշեց Փրկիչը:

Մկրտության արարողության մասնակիցներից մեկը` Լեա Յոնջա Գյուլթեքինը, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց իր հուզմունքն ու ոգևորությունը կատարվածի առնչությամբ: «Հայրս և մայրս տարիներ առաջ եկեղեցում ամուսնացան: Սակայն իրենց ամուսնության ժամանակ մեզ չմկրտեցին, քանի որ վախենում էին իրենց շրջապատի հնարավոր արձագանքներից: Ավելի ուշ ես և իմ քույրերն ու զարմիկները նստեցինք և խոսեցինք, թե ինչո՞ւ չենք վերադառնում մեր ինքնությանը: Շուտով մենք որոշում կայացրեցինք և հանդիպեցինք Արամ Աթեշյանին»,- պատմեց Լեան՝ հավելելով, որ 6 ամիս շարունակ կանոնավոր կերպով հաճախել են պատրիարքարանի կողմից կազմակերպվող դասընթացներին: «Կարծում եմ, որ լավագույն զգացումն է մեր պապերի ու տատերի հետքերով գնալը»,- նշեց նա:

Պատմական Հայաստանի տարածքում Դերսիմն այն քիչ բնակավայրերից է, որի տարածքում մինչ օրս բնակվող հայերի շրջանում վերջին տարիներին նկատվում է սեփական արմատներին վերադառնալու ակտիվ գործընթաց: Դերսիմահայերը 2015 թվականի մարտից սկսել են հայերենի դասընթացների մասնակցել, որոնց երկրորդ փուլը մեկնարկել է մայիսի սկզբին: Հետևողական լինելով սեփական արմատներին վերադառնալու ձգտմանը՝ դերսիմահայերը վստահեցնում են, որ նմանօրինակ ծրագրերը հետագայում էլ շարունակվելու են և լինելու ավելի լայնածավալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում