ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2008» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ, սիրված երգչուհի Սիրուշոն անակնկալ է մատուցել «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան մասնակից «Genealogy» խմբի անդամներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, Սիրուշոն փորձերից մեկի ընթացքում անսպասելի այցելել է մասնակիցներին, ծանոթացել նրանց հետ, կիսվել իր եվրատեսիլյան փորձով, ունեցած տպավորություններով:
Երգչուհին, վերհիշելով իր մասնակցության տարում ունեցած ծանրաբեռնվածությունը, անվերջ ձգվող փորձերը, շրջագայություններն ու տպավորությունները, «Genealogy» խմբի անդամներին խորհուրդ է տվել կենտրոնանալ իրենց ելույթի վրա՝ չմտածելով որեւէ այլ բանի մասին:
«Որքան էլ լավ անեք ձեր գործը, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր կմտածեն, որ դա պետք էր անել այլ կերպ: Պետք չէ ուշադրություն դարձնել դրա վրա: Արեք այն, ինչ ձեր սիրտն է ասում եւ միտքը թելադրում. երգեք սրտի խորքից»,- նշել է Սիրուշոն՝ հավելելով, որ մեծ հաճույք է լինել եվրատեսիլյան հյուրընկալ ընտանիքի անդամ:
Սիրուշոն կարեւորել է նաեւ մասնակիցների անհատականության ներկայացումը բեմի վրա: «Անհատականությունը կարեւոր է. հավանաբար ամենակարեւոր բաներից մեկը: Պարզապես եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Թող մարդիկ տեսնեն ով եք դուք իրականում»,- ասել է նա:
Ողջունելով մրցույթին այս տարվա հայաստանյան մասնակցության ձեւաչափը՝ Սիրուշոն հաջողություն է մաղթել «Genealogy» խմբին, քաջալերել ու վստահեցրել մասնակիցներին, որ եթե հավատան ուժերին ու սրտանց երգեն, անպայմանորեն կունենան տպավորիչ եւ հիշարժան ելույթ: Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել երգչուհուն՝ իրենց այցելելու եւ իր փորձով կիսվելու համար: Մասնակիցները նաեւ նշել են, որ կանեն առավելագույնը բեմում լավագույնս ներկայանալու համար. չէ՞ որ բեմում նրանք կլինեն ոչ թե 6 հոգով, այլ կներկայացնեն 13 մլն հայերի:
Հանդիպման ավարտին «Genealogy» խմբի անդամներն եւ Սիրուշոն միասին տարբեր կատարումներով են հանդես եկել, վերհիշել ճանաչված ու սիրելի երգեր:
Սիրուշոն «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 2008 թ-ին՝ ներկայացնելով «Քելե-Քելե» երգը: Նրա գրավել է 4-րդ հորիզոնականը: Այժմ էլ Սիրուշոն ակտիվ երաժշտական գործունեություն է ծավալում: Վերջերս նա ներկայացրել է «Where were you» (Կգա մի օր) երգը:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: