Քաղաքականություն

Նախագահ Սարգսյանն ու Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանն ու Ջեյմս Ուորլիքը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ուրախություն է հայտնել Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ողջունելու առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ես ուրախ էի ողջունելու Հայաստանի նախագահին իմ հայրենի քաղաք Վաշինգտոնում: Մենք կարողացանք այս երեկո խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումից»,- նշել է Ուորլիքը:

ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է: Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Սենատում:Սերժ Սարգսյանը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին:Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում