Քաղաքականություն

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Էյր Ռիադում բանակցություններին հաջորդելիք քայլերը

2 րոպեի ընթերցում

Լավրովն ու Ռուբիոն քննարկել են Էյր Ռիադում բանակցություններին հաջորդելիք քայլերը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Էյր Ռիադում բանակցություններից հետո իրականացվելիք քայլերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը։

«Քննարկվել են նաև փետրվարի 18-ին Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնման կոնկրետ ասպեկտները: Սերգեյ Լավրովը և Մարկո Ռուբիոն պայմանավորվել են կապի մեջ մնալ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռախոսազրույցի ընթացքում ամերիկյան կողմը հայտարարել է Կարմիր ծովի տարածաշրջանում հութիների ուժերի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշման մասին։

Ի պատասխան ամերիկացի ներկայացուցչի ներկայացրած փաստարկների՝ Լավրովն ընդգծել է բոլոր կողմերի կողմից ուժի կիրառման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և նրանց համար քաղաքական երկխոսության գնալու կարևորությունը՝ հետագա արյունահեղությունը բացառող լուծում գտնելու նպատակով։

Նշվում է, որ Լավրովի և Ռուբիոյի զրույցը կայացել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ:

Փետրվարի 18-ին Ռիադում կայացել են բարձր մակարդակի ռուս-ամերիկյան բանակցություններ։ Մոսկվայից դրանց մասնակցել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վաշինգտոնը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել են պայմաններ ստեղծել երկկողմ համագործակցության լիարժեք վերսկսման, դեսպանատների աշխատանքի սահմանափակումները վերացնելու և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում