ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիկան եկեղեցուն պատկանող հնագույն և առաջատար Church Times շաբաթաթերթն իր էլեկտրոնային տարբերակի մայիս 1-ի համարում անդարադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությանն՝ այն անվանելով արտասովոր իրադարձություն: «Խորապես հուզիչ մի արարողությամբ Հայ Եկեղեցին անցած շաբաթ սրբադասման կարգ մատուցեց 1915-1923 թվականների ցեղասպանության ժամանակ օսմանյան թուրքերի ձեռքով նահատակված 1.5 միլիոն զոհերի համար: Արարողությունն իրականացվում էր Հայոց երկու կաթողիկոսների նախագահությամբ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը խոսել է 1,5 միլիոն մարդկանց սրբադասման արտասովոր ընթացակարգի մասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշում է շաբաթաթերթը:
Ապրիլի 23-ին Հայ առաքելական եկեղեցին 400-ամյա ընդմիջումից հետո կատարեց սրբադասման կարգ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանում կայացավ Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենքի զոհվածների հավաքական սրբադասման արարողությունը: Մինչ բուն արարողությունն՝ ապրիլի 22-ի գիշերը, կատարվեց հսկման կարգ, որն իրենից ներկայացնում է աղոթք առ Աստված: Օծվեցին մասունքարանները, որտեղ զետեղվեցին դեռևս Հայոց ցեղասպանության զոհերի՝ դեռևս 1965 թվականին Դեր Զորից բերված և Մայր Աթոռի տարածքում Ուխտի խաչքարի տակ պահված մասունքները:
Սրբադասման ավարտին Հայաստանում և աշխարհի տարբեր եկեղեցիներում հնչեցին զանգերի 100 ղողանջները, որին հետևեց լռության մեկ րոպեն:
Լոնդոնում տեղակայված Church Times շաբաթաթերթը հիմնադրվել է 1863 թվականին: 2013 թվականի փետրվարին այն տոնել է հիմնադրման 150-րդ տարեդարձը: