ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 25-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխնախագահ Իզաբել Դինգիզյանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ տպավորված է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում տիկին Դինգիզյանի ազդեցիկ ելույթով, որը մեծ տպավորություն է թողել ֆորումի ոչ միայն հայ, այլեւ օտարազգի մասնակիցների վրա: Աժ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքով՝ ֆորումի նպատակը Ցեղասպանության վերհիշումն ու դատապարտումն է. արդեն 100 տարի հայ ժողովուրդը պայքարում է ժխտողականության դեմ:
Գալուստ Սահակյանը նկատել է, որ յուրաքանչյուր հայ ունի Ցեղասպանության հետ կապված իր պատմությունը, եւ ամեն հայ պայքարում է, որ աշխարհում այդ պատմությունը չկրկնվի. կանխվեն ցեղասպանությունները: Նա փաստել է, որ գլոբալ ֆորումի անցկացումը միջոցառումների հսկայական շարքի սկիզբն է. բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու աշխարհի տարբեր ծայրերում, քանի որ ֆորումի կոչը վերաբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլ ընդհանրապես ցեղասպանություններին, որտեղ էլ դրանք լինեն:
Իզաբել Դինգիզյանն իր խոսքում նշել է, որ իր համար մեծ պատիվ է այս օրերին գտնվել Երեւանում եւ մասնակցել 100-րդ տարելիցի միջոցառումներին: Նա Աժ նախագահին ներկայացրել է իր տպավորությունները գլոբալ ֆորումից, ոգեկոչման միջոցառումներից: Տիկին Դինգիզյանը, խոսելով շվեդահայ համայնքի մասին, կարեւորել է հայկական դեսպանատան դերը եւ ցանկություն հայտնել սերտացնելու հայ-շվեդական խորհրդարանական կապերը: Նա նշել է, որ իր գործունեությամբ կնպաստի երկու խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը: