Հասարակական

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին խորհուրդ տվեց հավատալ ու գործել հրաշքներ

3 րոպեի ընթերցում

Ալեքսիս Օհանյանը ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետներին խորհուրդ տվեց հավատալ ու գործել հրաշքներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ընթանում է HIVE-ի ճարտարագիտության առաջնորդների համաժողովը, որին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատաև մասնագետներ: Նրանց թվում են Թումոյի խորհրդի անդամ, Twitter-ի նախկին փոխտնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Reddit ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը:

HIVE-ը հայկական և արտասահմանյան ՏՏ ընկերությունները, մասնագետներին միավորող ցանց է, փնտրում է նաև ներդրողներ հետաքրքիր ու նորարար ստարտափերի համար և նպատակ ունի աշխարհին ներկայացնել հայկական տեխնոլոգիական ներուժը: HIVE-ի հիմնադիր Նինա Կույումջյանը «Արմենպրես»-ի հետ զրույցնում նշեց, որ շատ ուրախ են կազմակերպել միջոցառումը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ուր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետները կարող են կիսվել իրենց հաջողություններով, գիտելիքներով: «Սա շատ լավ հնարավորություն է երիտասարդ մասնագետների ու ստարտափերի համար, ովքեր կարող են տեխնոլոգիական ինդուստրիայի անդամներին ներկայացնել իրենց արտադրանքը ու ստանալ նրանցից խորհուրդներ, կապեր հաստատել»,-ասաց Նինա Կույումջյանը:

Համաժողովին ելույթ ունեցավ աշխարհի 23 կայքերի շարքն անցած Reddit սոցիալական լրատվական կյանքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը: Նա կիսվեց Reddit-ի հաջողության պատմությամբ` ցույց տալով անկումներով ու վերելքներով լի ուղին: Ալեքսիս Օհանյանի խոսքով` սկզբնական շրջանում, երբ հիմնադրում էին Reddit կայքը, չէին էլ կարող մտածել, որ շուտով կհայտնվեն ԱՄՆ 10 և աշխարհի 23 հաճախ այցելվող կայքերի շարքում:

Նա խոսեց նաև վերջերս Reddit կայքում բացված էջի մասին, որտեղ իրազեկվում էր Հայոց ցեղասպանության մասին: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե քանի մարդ տեղեկացավ Հայոց ցեղասպանության մասին այդ տարբերակով, Ալեքսիս Օհանյանը նշեց. «Ամեն օր 3 միլիոն մարդ է այցելում մեր կայքը, չգիտեմ, թե նրանից քանիսը իմացան, բայց միլիոնավոր մարդիկ տեսան հատուկ պատրաստված հայկական դրոշով լոգոն»:

Ալեքսիս Օհանյանը հանդիպմանը մասնակից երիտասարդներին խորհուրդ տվեց հավատալ իրենց ծրագրերին, առաջ տանել դրանք: «Հրաշքի է հավասար այն, որ դու անում ես մի բան մարդկանց համար ու դա դուր է գալիս նրանց»,-ասաց նա:

Տեխոնոլոգիական համաժողովին զուգահեռ ընթանում է երաժշտության համաժողովը: Երգ-երաժշտության սիրահարներն ու մասնագետ երաժիշտները քննարկում են հայկական երաժշտության նոր մոտեցումները: Համաժողովին մասնակցում է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը, երգչուհի Լիլիթ Պիպոոյանը և աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում