Հասարակական

Մարգարիտա Սիմոնյանը ներկայացրել է ցեղասպանության ժամանակ իր գերդաստանի հետ կատարվածը

3 րոպեի ընթերցում

Մարգարիտա Սիմոնյանը ներկայացրել է ցեղասպանության ժամանակ իր գերդաստանի հետ կատարվածը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը թվիթերի իր էջում ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժամանակ իր ընտանիքի հետ կատարված ողբերգությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Մարգարիտա Սիմոնյանը նշել է.

«Հարյուր տարի առաջ սպանել են իմ նախատատի ընտանիքին: Նրա ծնողներին, ավագ եղբայրներին ու քույրերին մորթել են նրա աչքի առաջ: Իմ նախատատին և նրա փոքր քույր Ալիսային վերցրել է մի թուրք ընտանիք. գեղեցիկ փոքրիկ աղջիկներին, չգիտես ինչու, չէին սպանում: Իմ նախատատը թուրք ընտանիքից փախել է Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը հաստատվել է Ռուսաստանում: Նրա քույրը մնացել է Թուրքիայում: Մենք չգիտենք նրա ճակատագրի մասին: Իմ մյուս նախատատը ողջ է մնացել միայն այն պատճառով, որ նրան փոքր տարիքում փաթաթել են գորգի մեջ, և թուրքերը նրան չեն նկատել»:

Նա հավելել է, որ իր նախատատն այդ ժամանակ հինգ տարեկան է եղել: Փաթաթված գորգի մեջ՝ նա լսել է, թե ինչպես են սպանում իր ողջ ընտանիքը: Եվ ողջ է մնացել, միայնակ:

«Այսօր Հայաստանը և աշխարհի այն հատվածը, որի համար խիղճը և ճշմարտությունը քաղաքական նպատակահարմարությունից ավելի կարևոր են, հիշում են այդ զոհերին»,-ընդգծել է նա:

Սիմոնյանը խաղաղություն է մաղթել իր բոլոր նախնիներին և նրանց գազանաբար սպանված երեխաներին:

«Իմ հոգում չկա ատելություն ոչ մեկի նկատմամբ: Բայց ես երբեք չեմ մոռանա»,- գրել է Սիմոնյանը: Նա իր բոլոր գրառումներում օգտագործել է #геноцидармян հաշթեգը:

Թվիթերում ակտիվ է նաև ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը, ով տարածում է ցեղասպանությանը նվիրված թվիթներ:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին մոտ երկու միլիոն հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեցին 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915 թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Լուսանկարը` ТАСС

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում