Սիրուշոն Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր երգ է ներկայացրել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սիրուշոն Ցեղասպանության տարելիցին նվիրված նոր երգ է ներկայացրել: «Կգա մի օր» ստեղծագործությունն արդեն համացանցում է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սիրուշոյի պաշտոնական ֆեսյբուքյան էջը, երգչուհին գրել է.
«Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմերը: «Լոռվա երեք ոտք»-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին նոր երաժշտություն և պար: Մեր պատմության ընթացքում՝ ամենադժվար պահերին անգամ ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով: Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, ինչով հպարտ եմ և փորձել եմ դա ներկայացնել այստեղ: Ոչ միայն երաժշտությունս է հայկականի և համաշխարհայինի միաձուլում, այլև տեսահոլովակը, պարային շարժումները, հագուստները և այլն: Այսպիսին եմ ես, այսպիսին է իմ իրականությունը: Յուրաքանչյուր լեզվի խորհուրդը տարբեր է: Հայերեն երգել եմ այն, ինչ կուզեի իմ հայրենակիցներին ասել: Անգլերենը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի «անտարբեր» մարդկանց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ միասին իրականացրեցինք այս աշխատանքը»: