Հասարակական

Կանզասում ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր

2 րոպեի ընթերցում

Կանզասում ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում է գտնվում ԱՄՆ Կանզաս նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Ջեֆֆ Քոլյերի և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ Լի Թաֆանելիի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում ապրիլի 23-ին և 24-ին պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության հետ, մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում գեներալ Լի Թաֆանելին նշել է, որ, հաշվի առնելով ԱՄՆ Կանզաս նահանգի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած լինելու և ապրիլի 24-ը Հիշատակի օր հռչակելու փաստը, Հայաստան-Կանզաս հարաբերությունների յուրահատուկ բնույթը և հետամուտ լինելով այդ հարաբերությունները խորացնելու գործին, Կանզասի նահանգապետ պարոն Սեմ Բրաունբեքսի հրամանագրով այս տարի ապրիլի 24-ը հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր:

ՀՀ պաշտպանության նախարարն իր երախտագիտությունն է հայտնել հյուրերին հայ ժողովրդի կողքին կանգնելու ու բարոյական մեծ աջակցություն ցուցաբերելու համար: Սեյրան Օհանյանը կարևորել է նաև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության կայուն զարգացումը և այդ համագործակցության շրջանակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերը:

Հանդիպման վերջում Կանզասի փոխնահանգապետը և Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալը ՀՀ պաշտպանության նախարարին են հանձնել նահանգապետ Սեմ Բրաունբեքսի հրամանագրի պատճենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում