Նոր շարականով, սրբապատկերներով սրբեր կհռչակվեն Հայոց ցեղասպանության նահատակները. մանրամասներ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ կհռչակվի եկեղեցական տոնակարգում սրբերի հիշատակման օրը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Սրբադասման արարողության եւ հիշատակի ոգեկոչման միջոցառումների հանձնաժողովիանդամ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: «Արդեն հարյուրամյակներ շարունակ այս կարգը տեղի չի ունեցել, և այսօր երկու դեպք է տեղի ունենում` նախ վերականգվում է սրբադասման կարգը հայ եկեղեցում և երկրորդը`100-րդ տարելիցի լույսի ներքո սրբադասման են ներկայացվել Հայոց ցեղասպանության նահատակները, ովքեր այսօր Հայրապետական հատուկ հռչակման բանաձևով կդառնան եկեղեցու սրբեր, ովքեր նահատակվել են հայրենքի ու հավատքի համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բագրատ Սրբազանը:
Արարողության ընթացքում կկատարվի հատուկ ընտրված նոր շարականը, այնուհետև կլինի սրբապատկերի օծման, մասունքների առջև խոնարհման կարգը: «Երեկ մասունքատուփն օրհնվեց, այսօր էլ մասունքները զետեղվեցին ու հատուկ Հայրապետական կնիքներով կնիքվեցին: Լինելու են Հայրապետական պատգամները, ինչպես նաև նոր գրված վկայաբանությունը Հայոց ցեղասպանության նահատակների մասին, որը ևս նոր երևույթ է: Արարողության ավարտին աշխարհի տարբեր եկեղեցիներում կհնչի հարյուր ղողանջը`հիշեցնելու մեզ արդարության և ճշմարտության մասին»,-շեշտեց Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Ինչ վերաբերում է սրբապատկերներին, ապա դրանք երկուսն են, որոնցից մեկի հեղինակը Տիգրան Բարխանաջյանն է, մյուսը` Լևոն Զաքյանը: «Սրբադասման հանձնախումբը որոշակի պայմաններ էր դրել սրբապատկերը նկարելու համար: Առաջինը` այն պետք է աղոթքին տրամադրող լիներ, երկրորդը` հարության ու հաղթանակի խորհուրդը ունենար, այլ ոչ թե արյունի ու սարսափազդու տեսարաններ, երրորդը` այն պետք է ունենար լուսե պսակները, ինչպես նաև մեր ժողովրդի հավաքական պատկերը պետք է արտացոլեր, որը կխորհրդանշեր մեր ժողովրդի բոլոր շերտերը»,-տեղեկացրեց Սրբազանը:
Այսօր Հայ եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի՝ տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ առաքելական սուրբ եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը: