Ակնալճի եզդիական սրբատեղիում հայ և եզդի պաշտոնյաները մասնակցել են հանդիսավոր միջոցառման
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքին մերձակա եզդիական սրբատեղիում ապրիլի 22-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում մեկ անգամ ևս անդրադարձ է կատարվել հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, վկայակոչվել են եղբայրական ժողովուրդների պատմության միասնական դրվագները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ, նորին սուրբ մեծություն Միրե Միրա Թահսին բեկը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, հայ և եզդի բարձրաստիճան հոգևորականներ, պետական այրեր, մեկնարկեց լռության րոպեով: Ներկաները հարգել են Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև Սիոն եպիսկոպոս Ադամյանը կատարել է հոգեհանգստի կարգ:
Եզդի հոգևորականների աղոթքից հետո ներկաներին խոսքով դիմել է համայն աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին բեկը, ով շնորհակալություն է հայտնել եզդի ժողովրդին ցուցաբերվող աջակցության համար, նշել է, որ երկու եղբայրական ժողովուրդները եղել են, կան ու կլինեն միասնական, քանի որ միասնությունն այն ուժն է, որի դեմ անզոր է ցանկացած ոսոխ:
Միջոցառման շրջանակում ելույթներով հանդես եկած հայ և եզդի պաշտոնյաները վերհիշել են երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմության առանձին դրվագներ, արժևորվել է այն դերը, որ Ջհանգիր աղայի ղեկավարված երկու հազարանոց եզդիական հեծյալ զորախումբը ունեցավ 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտում:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամության հուշահամալիրում տեղի է ունեցել Ջհանգիր աղայի աքսորավայրից՝ ՌԴ Սարատովի մարզի Մենսեր գյուղի գերեզմանոցից բերված հողը նրա հուշարձանի հիմքում ամփոփելու արարողակարգը: Զինվորական պատիվներով և պատվո պահակախմբի մասնակցությամբ կատարված արարողակարգի ընթացքում հողը հուշարձանի հիմքում ամփոփել է Ջհանգիր աղայի թոռը՝ Վազոր Ադոյանը;
Դիմելով միջոցառման մասնակիցներին` Սեյրան Օհանյանը նկատել է, որ 1915 թիվը առանձնահատուկ է մեր՝ հայերիս համար, քանի որ կամա թե ակամա վերհիշում և մեր երախտիքի խոսքն ենք ուղղում նրանց, ովքեր ծանր այդ տարիներին կանգնած էին հայ ժողովրդի կողքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է նաև, որ հենց Ցեղասպանության մասին դառը հիշողություններն ու պապենական վրեժը լուծելու մղումն էին, որ մեր ազատամարտիկներին ուժ ու կորով էին պարգևում մարտի ամենաթեժ պահերին:
Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման արարողությամբ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը պարգևատրվել են «Ջհանգիր աղա» մեդալով: Պարգևատրվածների թվում էր նաև «Սարդարապատ» հուշահամալիրի տնօրեն Կարեն Արեստակեսյանը: