Հասարակական

Արամ Խաչատրյանի որդին Վլադիմիր Գասպարյանին է հանձնել Ոստիկանության քայլերգի նոտաները

2 րոպեի ընթերցում

Արամ Խաչատրյանի որդին Վլադիմիր Գասպարյանին է հանձնել Ոստիկանության քայլերգի նոտաները

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս օրերին Երեւանում է բոլոր ժամանակների երեւելի արվեստագետներից մեկի՝ Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը: Ապրիլի 16-ին Կարեն Խաչատրյանն այցելել է Պանթեոն, ծաղիկներ խոնարհել մեծ հայի եւ կոմպոզիտորի շիրմին, ապա նրան հյուրընկալել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

«Այցի նպատակը բացառիկ էր, հուզիչ եւ, կարելի է ասել, պատմական. Կարեն Խաչատրյանը Հայաստանի ոստիկանությանը նվիրեց մեծ կոմպոզիտորի հեղինակած քայլերգը: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը երախտագիտություն հայտնելով թանկ պարգեւի կապակցությամբ՝ կարեւորել է քայլերգի նշանակությունը նորացող ոստիկանության համար:

Ջերմ ընդունելության եւ գնահատանքի համար շնորհակալական խոսքով հանդես է եկել Կարեն Խաչատրյանը եւ Վլադիմիր Գասպարյանին հանձնել ոստիկանության քայլերգի նոտաները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ոստիկանության պետի հրամանով Կարեն Խաչատրյանը պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության զինանշանը կրող ժամացույցով է պարգեւատրվել ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը:

Հյուրերին հանձնվել են խորհրդանշական հուշանվերներ:

Իսկ հանդիսության ավարտին առաջին անգամ հնչել է Արամ Խաչատրյանի «Ոստիկանության քայլերգը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում