Հասարակական

Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդն ապրիլի 20-ին կժամանի Հայաստան

2 րոպեի ընթերցում

Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդն ապրիլի 20-ին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի Աթոռի պատրիարք, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ն. Ս. ԹավադրոսԲ-ն ապրիլի 20-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու թուրքերի կողմից հայերի հանդեպ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով եգիպտական լրատվամիջոցները, Հայաստանից նա կմեկնի Եվրոպա՝ մասնակցելու սփյուռքի ղպտիների համաժողովին:ԹավադրոսԲ-ն իր ուղևորությունից մոտ մեկ ամիս անց՝ մայիսի վերջին կվերադառնա Եգիպտոս:

Իր պաշտոնավարության երկու տարում նա հովվապետական այցելություններ է կատարել մի շարք եվրոպական և արաբական երկրներ, այդ թվում՝ Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Շվեդիա, Հոլանդիա, Բելգիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Վատիկան:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 43 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում