ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի ռեփեր, «Գրեմմի»-ի բազմակի դափնեկիր Քանյե Ուեսթը Երևանում կենդանի համերգ անցկացրեց։ Անակնկալ կերպով կազմակերպված համերգին ներկա էին հազարավոր երիտասարդներ, ովքեր համերգից ընդամենը ժամեր առաջ էին տեղեկացել դրա անցկացման մասին։ Անվճար համերգի մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառումն էր կատարել Քիմ Քարդաշյանը։ «Քանյեն Երեւանում անվճար համերգ է տալիս բոլորի համար: Այսօր կեսգիշերին՝ Կարապի լճի մոտ: Կտեսնվենք այնտեղ››,- գրել էր նա։ Մի քանի ժամում Կարապի լճում հավաքվեցին աշխարհահռչակ ռեփերի երկրպագուները։ Համերգը սկսվեց կասգիշերն անց և տևեց շուրջ կես ժամ։ Այդ ընթացքում Քանյե Ուեսթը կատարեց իր երգացանկից մի քանի երգ, իսկ վերջին կատարման ժամանաց ցատկեց ջուրը։ Նրան հետևեցին տասնյակ երկրպագուներ, ովքեր Կարապի լճում փորձում էին մոտենալ սիրելի երգչին։ Սակայն երգի ավարտին անվտանգության աշխատակիցները երգչի հեռացրին բեմահարթակից, և հայտարարվեց, որ համերգն ավարտված է։ Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստանե հուշարձան և «Կասկադե համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայաստան այցելության ընթացքում Ուեսթն արդեն եղել էր ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնում: