ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քորթնի Քարդաշյանը համոզմունք է հայտնել, որ մի օր իր ընտանիքի հետ կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա համապատասխան գրառում է կատարել «Ինստագրամ»-ի իր էջում:Գրառման մեջ Քորթնին նշել է, որ կցանկանար իր քույրերի հետ լինել Հայաստանում: «Ես Հայաստան չգնացի, քանի որ այդ այցելության ժամանակ ես շատ կմտահոգվեի երեք երեխաներիս համար: Ես շատ կցանկանայի կարողանալ այս այցելության ժամանակ լինել քույրերիս հետ, բայց ես համոզված եմ, որ մենք բոլորս միասին մի օր կրկին կգնանք Հայաստան»,- ասվում է Քորթինիի գրառման մեջ:
Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքն ապրիլի 8-ին ժամանեց Երևան: Քիմ և Քլոե Քարդաշյաններն շրջել են մայրաքաղաքով` այցելել «Մայր Հայաստան» հուշարձան և «Կասկադ» համալիր` այդ ընթացքում լուսանկարվելով և շփվելով հայ երկրպագուների հետ, եղել Գեղարդում: Ապրիլի 10-ին Քարդաշյաններն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայաստանում Քարդաշյանները կլինեն մեկ շաբաթ, որի ընթացքում կծանոթանան իրենց պատմական հայրենիքի պատմամշակութային վայրերին: Քարդաշյանների այցը մեծ ուշադրության է արժանացել նաև համաշխարհային մամուլում. տարբեր պարբերականներ և թերթեր նրանց այցի շնորհիվ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը: