Մշակույթ

Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմում դիտեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը

3 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմում դիտեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունը

ՀՌՈՄ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմը հպարտությամբ է հյուրընկալում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցադրությանը: Պաշոնական այցով Իտալիայում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին այցելել է Իտալական պատմության ու մշակույթի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիր, շրջել ցուցասրահներով և ծանոթացել հայկական ցուցադրությանը: Նախագահին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հայկական պատվիրակության այլ անդամներ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հավերժական քաղաքն, ինչպես միշտ, այս օրերին ևս լի է զբոսաշրջիկներով: Նախագահի այցի ընթացքում հայկական ցուցադրությունը դիտելու էին եկել Հռոմում հանգիստն անցկացնող շվեդահայ զբոսաշրջիկները: Գարնանային այս արևոտ օրերին էլ Վիտորիանոյի առջև հերթեր են գոյանում: Հայկական քաղաքակրթության 3000-ամյա և Իտալիայում հայերի 2000-ամյա պատմությունը ներկայացնող «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը բաղկացած է յոթ առանձին բաժիններից։ Հայաստանի Հանրապետությունից ցուցահանդեսին ներկայացվել է 26 ցուցանմուշ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններից, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտից և Հայաստանի պատմության թանգարանից: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով՝ ցուցահանդեսին ավելի քան 60 բացառիկ նմուշներով և վավերագրերով մասնակցել է Իտալիայի Հանրապետության 6 մշակութային հաստատություն` Վենետիկի, Ջենովայի, Սևիլիայի պետական և Վատիկանի քարտուղարության արխիվները, Ֆլորենցիայի Ռիկկարդիանա գրադարանը, Վենետիկի Կորրեր թանգարանը, ինչպես նաև Մխիթարյան Միաբանությունը` 13 անկրկնելի ձեռագիր նմուշներով: Արժեքավոր ցուցանմուշների ու հետաքրքիր տեսանյութերի միջոցով ներկայացվել են Հայոց ցեղասպանութան վերաբերյալ փաստագրական նյութեր, ինչպես նաև Հայաստանում քրիստոնեության ընդունումը, հայ գրերի ստեղծումը, հայ մատենագրությունը, հայկական ճարտարապետությունն ու արվեստը, հայ և իտալացի ժողովուրդների դարավոր հարաբերություններն ու Իտալիայում հայկական մշակույթի հարուստ ներկայությունը:

Հռոմի քաղաքապետ Ինյացիո Մարինոն ևս այցելել ու դիտել է հայկական ցուցադրությունն ու շատ տպավորված է: Նա իր տպավորություններով կիսվել է նաև ՀՀ Նախագահի հետ, թանգարան այցելությունից առաջ քաղաքապետարանում կայացած հանդիպման ժամանակ:

Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում «Հայաստան. տապանի ժողովուրդ» խորագրով ցուցահանդեսը բացվել է մարտի 5-ին և կգործի մինչև մայիսի 3-ը: Ցուցահանդեսը կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունները՝ Մխիթարյան Միաբանության և Իտալիայի Հայերի միության հետ համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում