ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցը Հայաստան միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնի ընտանիքի ժամանամանն են ադրադարձել այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք են «The Daily Mail»-ը, «The USA Today»-ը, «The Guardian»-ը, «Hello» ամսագիրը և մի շարք այլ լրատվամիջոցներ:
Entertainment Wise-ը նշում է, որ Հայաստանում Քարդաշյան-Ուեսթ ընտանիքին դիմավորել է երկրպագուների հոծ խումբը: «Քարդաշյանների ընտանիքը սովոր է մարդկանց մեծ ամբոխի հանդիպել որտեղ էլ որ գնա, ուստի դա նրանց դժվար թե վախեցնի: Ավելին, Քարդաշյան քույրերն իրենց ոգևորվածությունն են հայտնել նման ընդունելության կապակցությամբ»,- գրում է լրատվամիջոցը:
Քիմը Քարդաշյանն իր պատմական հայրենիք առաջին այցելության մասին «Ինսթագրամ»-ում նկար է տեղադրել և հետևյալ գրառումը կատարել. «Հայաստա´ն, մենք այստեղ են: Մենք այնքան ուրախ ենք այստեղ լինել և սկսել այս «կյանքի ճանապարհորդությունը»: Շնորհակալություն բոլորին, ովքեր եկան դիմավորելու մեզ: Անհամբերությամբ սպասում եմ հետազոտել մեր երկիրը և համտեսել համեղ ուտեստները: Հայրս և պապիկս այնքան հպարտ կլինեին»:
Իսկ Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Քարդաշյանների այցից հետո Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր: Պարբերականն ընդգծել է, որ ապրիլի 8-ի երեկոյան քրոջ և ընտանիքի հետ Հայաստան ժամանած Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ ընդգծում էր վաղամեռիկ հոր արմատներն ու մշակույթը ավելի մոտիկից ճանաչելու իր ցանկությունը:Hello-ն հոդվածում իր ընթերցողներին նաև հակիրճ ներկայացրել է համաշխարհային լայն հասարակությանը դեռևս ոչ այնքան հայտնի Հայաստանի այնպիսի գանձերը, ինչպիսիք են Երևանն իր սրճարաններով և թանգարաններով, Դեբեդի կիրճը Հաղպատի և Սանահինի եկեղեցական համալիրներով, Գորիսը իր «քարե անտառով», Արագածը Ամբերդով ու Բյուրականի աստղադիտարանով, Տաթևի վանքը:
The Daily Mail բրիտանական պարբերականի փոխանցմամբ` 34-ամյա աստղի համար «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իսկական «թագավորական» ընդունելություն էր կազմակերպվել: The USA Today-ը, անդրադառնալով ճանապարհորդության նպատակին, նշում է, որ հայկական ծագում ունեցող ընտանիքը ցանկանում է վերադառնալ իր արմատներին և ոգեկոչել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Բրիտանական The Guardian-ն էլգրում է, որ Քիմն իր ամուսնու ու քրոջ հետ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդի բարձունք, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը ներկա չի լինի Երևանում կայանալիք միջոցառումներին: