ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայ հայտնի հեռուստատեսային աստղ, մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանն ու Քայնե Ուեսթն իրենց դստեր հետ ժամանեցին Հայաստան: Ինչպես «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Քարդաշյան-Ուեսթ ընտանիքը ինքնաթիռից րոպեներ առաջ ոտք դրեց հայկական հողին: Օդանավակայանում նրանց դիմավորեցին աղ ու հացով: Լրագրողների բազմաթիվ հարցերին ռեալիթի-շոուի աստղը միայն պատասխանեց, որ «շատ ուրախ է, որ գտնվում է Հայաստանումր»: Դրանից հետո նրանք նստեցին մեքենան և ուղևորվեցին հյուրանոց:
Քարդաշյաններն իրենց պատմական հայրենիք են ժամանել` ոգեկոչելու 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
Օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, Ազգային մրցունակության հիմնադրամի նախագահ Արման Խաչատուրյանը:
Բրիտանական Daily Mail-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Քիմ, Քորթնի և Քլոե Քարդաշյանների հայրը՝ ամերիկահայ փաստաբան Ռոբերտ Քարդաշյանը հայկական ծագում է ունեցել, ուստի Երևան կատարելիք այցը կարևոր ուխտագնացություն է աստղային ընտանիքի համար: Ինչպես հայտնել էր լրատվամիջոցը, Հայաստան կատարելիք հատուկ ճանապարհորդության համար Քիմ Քարդաշյանը երկարացրել է մազերը և վերադարձրել բնական գույնը: Հայաստանում աստղային ընտանիքը նկարահանելու է «Keeping Up With the Kardashians» շոուի հերթական մասերից մեկը: Մոտ կես ժամ առաջ ժամանել էր ռեալիթի-շոուի նկարահանող խումբը: