«Եվրատեսիլ-2015»-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել «Genealogy» խմբի մասնակիցներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ նկարահանվել է եվրատեսիլյան տեսաբացիկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Կառուցելով կամուրջներ» ընդհանուր գաղափարը կրող տեսաբացիկը ներկայացվելու է մեր մասնակիցների մրցութային ելույթից անմիջապես առաջ:

Տեսաբացիկում մեր մասնակիցները Վիեննայից՝ «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչների կողմից անակնկալ փաթեթ են ստանում՝ հրավեր դեպի Ավստրիա: «Genealogy» խմբի անդամները բացում են այն, նայում, թե ինչ կա փաթեթի ներսում: Իսկ թե ինչ են գտնում մեր մասնակիցները փաթեթում, պարզ կլինի հաջորդ տեսարանում, որը նկարահանվելու է Վիեննայում: Կազմակերպիչները դա դեռեւս գաղտնի են պահում:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջարկով նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Դիլիջանում: Նկարահանման գործընթացն իրականացրել է Ավստրիայից ժամանած խումբը: «Genealogy» խմբի անդամները մեծ հաճույք են ստացել նկարահանումներից, շրջել են Դիլիջանով, վայելել ողջ ընթացքը:

Նկարահանումների ընթացքի մասին մանրամասնել են խմբի ներկայացուցիչները: Թամար Կապրելյանը նշել է. «Ընթացքն ուղղակի հիասքանչ էր, այնքան լավ ժամանակ անցկացրինք: Սյուժեն այսպիսին էր. Եսային բարձրացնում էր փաթեթը, արձակում ժապավենը, եւ այդ ընթացքում բոլորս միանում էինք նրան, զարմանքի, նշաններ ցույց տալիս եւ ուրախ բացականչում»։

Եսայի Ալթունյանն ընդգծել է. «Երեւի մոտ քսան անգամ նկարահանեցինք տեսարաններից մեկը: Ամեն անգամ նկարահանման ընթացքում փաթեթը բացելիս մի հետաքրքիր բան էինք գտնում ներսում` երբեմն գումար, պլաստիկ քարտեր, դանակ, կամ էլ հեռախոս` վիդեոռեժիմի վրա դրված, որ մեր էմոցիաները նկարահանի»:

Մերի-Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանն էլ հավելել է. «Եվրատեսիլյան բացիկի նկարահանումներն անցան շատ ուրախ եւ առանց ավելորդ լարվածության։ Ամեն անգամ տեսարաններից մեկը կրկին նկարահանելիս անակնկալ էինք ունենում, ինչն էլ շատ զվարճալի էր»:

Իսկ Վահե Թիլբյանը եզրափակել է. «Եվրատեսիլյան բացիկը շատ գեղատեսիլ վայրում ենք նկարահանել։ Ըստ էության, այս վայրն էլ հենց բացիկի տեսք ունի։

Շատ լավ անցավ, վայելեցի ողջ ընթացքը»:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` «Առերեսվի՛ր ստվերին») խորագրի ներքո: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին, որտեղ Հայաստանը կներկայանա երկրորդ համարի ներքո, իսկ եզրափակիչ փուլը` մայիսի 23-ին:

Հայերեն English Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս