Լիլիթ Մարգարյանը ներկայացրեց Ցեղասպանության տարելիցին նվիրված «Gallery 100» նոր հավաքածուն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գունեղ, ինքնատիպ և հետաքրքիր. այսպես են բնորոշում հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի«Gallery 100» նոր հավաքածուն: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հավածուն՝ իր ողջ հմայքով, հայ հանրությունը դիտելու հնարավորություն ստացավ ապրիլի 7-ին «Meridian Expo Centre» կենտրոնում։ Միջոցառումն իրականացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ: Առաջին տիկինն իր ներկայությամբ պատվեց «Gallery 100» հավաքածուի անդրանիկ ցուցադրությունը:

Միջոցառման իրականացմանը նպաստել էր նաև ՀՀ սփյուռքի նախարարությունը: Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները կատարելության է հասցնում 1915-ին վերապրած հայ կին-անհատին, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել: Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20-րդ հարյուրամյակի հայ նկարիչների ստեղծագործություններից ոգեշնչվելու արդյունք են: Ներկայացվող ցուցադրության առանձնահատկություններից էին ոսկերիչ- դիզայներ Նուռի՝ հատուկ այս միջոցառման առթիվ ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարում էին հավաքածուի նմուշները:

Լիլիթ Մարգարյանի հավաքածուի հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի և այլ մեծանուն նկարիչների փորագրանկարներն են:

«Հայ ազգն ունի հարյուրավոր տաղանդավոր նկարիչներ: Որոշեցի, որ հայ կինը միշտ տանջված չի եղել: Գտա ազնվազարմ, բարձրաճաշակ կանանց նկարներ: Որոշեցի սկսել այդտեղից. ինչպիսի՞ն է եղել հայ կինը և ի՞նչ պատահեց նրա հետ: Հայ կինը հայրենակորույս եղավ, բայց չդավաճանեց հայրենիքը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լիլիթ Մարգարյանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց բոլորին ցուցադրության առթիվ: «Մենք տեսանք գույներ, համադրություններ, հակադրություններ: Տեսանք մեր հզոր նկարիչներից վերցված գույներ և ձևեր: Ես կարծում եմ, որ ցուցադրությունը ստացվեց: Պետք է շնորհավորենք մեր սիրելի Լիլիթին՝ իր փայլուն մտահղացման համար»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով՝ այսքան խստապահանջ հանդիսատեսին 100 զգեստ ներկայացնելը միշտ չէ, որ հնարավոր է: «Ես ուրախ եմ, որ այսօր մեր աղջիկներն ու կանայք ընտրելու հնարավորություն ունեն, և կարող են ընտրել հատկապես հայկական նորաձևություն և ոչ՝ օտար: Ուրախ եմ, որ մեր նորաձևության մեծերը «ձեռք են մեկնում» մեր նկարիչ մեծերին»,-հավելեց նա: Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ ցուցադրության համար հատկացվել է երեք միլիոն դրամ գումար:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ևս ողջունեց ցուցադրությունը: «Ընդհանրապես հետաքրքիր էր գաղափարը. անդրադարձ էր կատարվում մեր անվանի վարպետների ստեղծագործությունների հերոս հանդիսացող կանանց, իրենց ամբողջական կերպարին և կրած զգեստներին: Մեր ժամանակներում դրանք վերարտադրելու փորձ կատարվեց, և, կարծում եմ, հաջող փորձ էր: Հաճույք ստացա ցուցադրությունից: Շատ հաճելի անակնկալ էր բոլոր կանանց համար»,-նշեց Հասմիկ Պողոսյանը:

Ցուցադրության ընթացքում ներկայացվեց մի ամբողջ դարաշրջան՝ մարմնավորված թափանցիկ շիֆոնի ծփանքներով, նրբերանգ քաշմիրով, կաշվե ժանյակներով ու մանեկեններով: Երկրաչափական ձևվածք, անխառն (մոնոքրոմ) գույներ, անհարմարվողականություն (նոնկոնֆորմիզմ), մինիմալիզմ և բազմաոճություն (էկլեկսիկա). հավաքածուն իրավամբ կարելի է համարել ուլտրանորաոճ: Համաշխարհային պոդիումների առաջադրած պահանջն էլ հենց դա է: Ֆուտուր ուրվագծերը ապշելու չափ ներդաշնակ են հայուհու կողմից մշտապես սիրված հայկական ավանդական օձիքների հետ՝ մի ամբողջ ժողովրդի պատմությամբ խամրած երանգներով:

Մանեքենուհիների սանրվածքն ապահովել էր ոճաբան Սեդրակ Ղամբարյանը, դիմահարդարումը՝ Make-Up Atelier-ը՝ Մադլեն Խաչատրյանի ղեկավարությամբ:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP