Իրանը երբևէ Հայաստանին չի առաջարկել գազի ռուսականից ցածր գին. Վարդան Այվազյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկությունների չունի այն մասին, թե Իրանը երբևէ Հայաստանին առաջարկել է իրանական գազը սահմանի վրա գնել 1000 խորանարդ մետրի դիմաց 189 դոլարից ցածր գնով: Ազգային ժողովում ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ընթացքում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Հայաստանը ներքին սպառման համար գազն Իրանից չի գնում, երբ շատ է խոսվում այն մասին, որ իրանական գազը 15-17 տոկոսով էժան է ռուսական գազից: Պատասխանելով Փաշինյանի հարցին՝ Վարդան Այվազյանը նշեց. «Իմ ունեցած տեղեկություններով՝ Իրանը որևէ անգամ Հայաստանին չի առաջարկել գազ գնել 189 դոլարից ցածր գնով: Մի կողմ թողնենք մնացած հարցերը՝ անվտանգության խնդիրը, ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ. որևէ մեկ անգամ Իրանը Հայաստանին 189 դոլարից ցածր գին չի առաջարկել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Այվազյանը:

Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ երբ Իրանը Հայաստանին 1000 խորանարդ մետր գազի դիմաց կառաջարկի ավելի ցածր գին, քան դա անում է Ռուսաստանը, դա արդեն այլ հարց կլինի: «Նաև ասեմ, որ Ռուսաստանը, բացի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից այլ երկրներ արտահանման դեպքում մաքսատուրք է վերցնում»,- ասաց Այվազյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մյուս հարցադրմանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցնեի թվի ավելացման և բարձր աշխատավարձերի վերաբերյալ՝ Վարդան Այվազյանն ընդգծեց, որ աշխատակիցների թվի ավելացումը պայմանավորված է գազ սպառողների թվի ավելացմամբ, իսկ աշխատավարձերի կարգավորման լծակներ հանձնաժողովը չունի:

Հայերեն English Русский